երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ԼՂ-ի շուրջ գործընթացներն ու դրանց վրա Ռուսաստանի ազդեցությունն արտացոլվել են ԱՄՆ ռազմական հետախուզության զեկույցում

ԼՂ-ի շուրջ գործընթացներն ու դրանց վրա Ռուսաստանի ազդեցությունն արտացոլվել են ԱՄՆ ռազմական հետախուզության զեկույցում

Լեռնային Ղարաբաղի շուրջ գործընթացներն ու դրանց վրա Ռուսաստանի ազդեցությունն արտացոլվել են ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության զեկույցում ՝ 2021 թվականին գլոբալ սպառնալիքների մասով։ Փաստաթուղթը պատրաստվել Է Սենատում լսումների համար եւ հրապարակվել է Սենատի զինված ուժերի գործերի կոմիտեի կայքում:

Զեկույցում զգալի ուշադրություն է դարձվում այն սպառնալիքներին, որոնք ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար ներկայացնում են Չինաստանն ու Ռուսաստանը։ Փաստաթղթում ասվում է, որ աշխարհն ապրում է գլոբալ ռազմավարական առաջնություն դարաշրջան, որտեղ ԱՄՆ - ի գլխավոր մրցակիցներ Չինաստանը եւ Ռուսաստանը միջոցներ են մշակում ԱՄՆ ռազմական գերազանցությանը մարտահրավեր նետելու համար։ Ռազմական միջոցառումներից զատ՝ խոսքը վերաբերում է "գորշ գոտում" գործողություններին, ինչպիսիք են պրոքսի զորքերի եւ վարձկանների օգտագործումը, կիբեռգրոհները, տեղեկատվությանն առնչվող մանիպուլյացիան, մրցակիցների տնտեսական հզորության խաթարումը եւ այլն:

Ռուսաստանի զինված ուժերը փաստաթղթում նշվում են որպես պոտենցիալ սպառնալիք ԱՄՆ-ի գոյությանը, ինչպես նաեւ՝ որպես Ռուսաստանի սահմանների պարագծով երկրներում ազդեցության պահպլանման գործիք, որի օգնությամբ Մոսկվան կարող է մարտահրավեր նետել Վաշինգտոնի գլոբալ առաջատարությանը:

Զեկույցում մանրամասն նկարագրված է միջուկային եւ ոչ միջուկային ռուսական ուժերի արդիականացման մասին, եւ ենթադրություն է հայտնվում, որ Ռուսաստանն առաջիկա տարիներին լրջորեն կավելացնի իր միջուկային զինանոցը ոչ ռազմավարական միջոցների հաշվին:

Հակամարտություններին վերաբերող բաժնում նշվում է, որ "մերձավոր արտասահմանում" անվտանգության գերիշխող մատակարար մնալու Կրեմլի պահանջմունքը, հավանաբար, աճել է, քանի որ Մոսկվայի տնտեսական ազդեցությունը տարածաշրջանի վրա ավելի անհուսալի է դառնում մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեցող արտաքին խաղացողների հանդեպ՝ ինչպիսին Չինաստանն է:

Ընդ որում, արձանագրվում է, որ ՆԱՏՕ-ի գործընկերների եւ այլ արտաքին հովանավորների հետ անվտանգության ոլորտում Վրաստանի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի համագործակցությունն արտացոլում է ավելի բարդ պայմանները, որոնցում Ռուսաստանը կարող է գերիշխել անվտանգության ոլորտում:

Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմին ուղղակի միջամտությունից Մոսկվայի հրաժարումը եւ Բելառուսում զանգվածային բողոքի ցույցերին սահմանափակ արձագանքը ցուցադրում են Կրեմլի կողմից հետխորհրդային տարածքում վերահսկողությունը պահպանելու մարտավարության փոփոխությունը՝ ի պատասխան տարածաշրջանում ազդեցություն ստանալու  արտաքին կողմերի աճող փորձերի՝ ինչպիսիք են Չինաստանը, Արեւմուտքը եւ Թուրքիան:

"Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարը վերջ դրեց մարտական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև ամրապնդեց Ռուսաստանի ռազմական և տնտեսական ազդեցությունը տարածաշրջանում։ Ներկայումս ռուսական զորքերը գտնվում են Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների տարածքում, եւ Ռուսաստանը, հավանաբար, օգուտ կստանա եւ կշարունակի ազդել տարածաշրջանի երկրների վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային եւ հաղորդակցային կապերի բացման հաշվին", - նշվում Է փաստաթղթում:

Դրա հետ մեկտեղ, արձանագրվում է, որ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում ռուսական գերազանցության ապահովումը, ամենայն հավանականությամբ, կախված կլինի տարածաշրջանային շուկայում զենքի առեւտրի գերիշխանության համադրումից, գոյություն ունեցող երկկողմ ռազմական կապերի ամրապնդումից, տարածաշրջանային անվտանգության ոլորտում ինտեգրման առաջխաղացումից եւ արտաքին ուժային կառույցների համար Մոսկվայի պայմաններով չափավոր փոխզիջումների առաջարկությունից:

Ընդհանուր առմամբ, ամփոփելով Մոսկվայի եւ Վաշինգտոնի փոխգործակցության արդյունքները, զեկույցի հեղինակները հանգում են այն եզրակացության, որ Ռուսաստանն այս պահին հազիվ թե շահագրգռված է ԱՄՆ-ի հետ ուղղակի բախմամբ, սակայն չի հրաժարվի Արեւմուտքի հետ առճակատումից:

Ըստ՝ Arminfo-ի

  • Կիսվել: