հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԼՂ-ի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հատվածներում հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման. վարչապետ

ԼՂ-ի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հատվածներում հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման. վարչապետ

Ինչպես գիտեք, 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի: Այս մասին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, ամսնավորապես, նշեց. ՛՛Քառասունչորս օր տևած պատերազմը խլեց մի քանի հազար մարդկանց կյանք: Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվեցին: Ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով՛՛։

Այս գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման։ Ցավոք, միջազգային հանրությունն այս դեպքում ևս չկարողացավ կանխարգելել զանգվածային ոճրագործությունները։ Այսօր որևէ հայ չի ապրում և գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում՛՛։

Վարչապետն անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից թշնամության մթնոլորտի խորացմանը՝ նշելով, որ դրա աղաղակող օրինակ է Բաքվում բացված՝ այսպես կոչված ավարների պուրակը, որտեղ, Փաշինյանի խոսքով, ադրբեջանցի դպրոցականներին էքսկուրսիաների են տանում դիտելու գերեվարված, սպանված կամ արնաքամ լինող հայ զինվորների մանեկենները:

՛՛Այս եւ մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց մենք հետեւողականորեն առաջ ենք տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով եւ նոր հնարավորություններ ստեղծելով՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: