ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԼՂ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում. երեկվանից զրոյացվել է անցանելիությունը Լաչինի միջանցքով. Փաշինյան

ԼՂ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում. երեկվանից զրոյացվել է անցանելիությունը Լաչինի միջանցքով. Փաշինյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, ԼՂ-ին էլեկտրական էներգիայի և բնական գազի մատակարարումների արգելափակումը, որը, ըստ էության, շարունակվում է 6 ամիս, ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը ԼՂ-ում: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 16-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքում Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է այդ անցանելիությունը նույնպես, և անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել ԼՂ-ին: Այսինքն՝ ԼՂ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում, նաև թույլ չի տրվում անհետաձգելի բժշկական կարիք ունեցող քաղաքացիների անցումը Լաչինի միջանցքով: Այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մեր այն մտավախությունը, թե Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականություն է վարում»,- ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ տվյալ դեպքում ոչ թե մտավախության մասին է խոսքը, այլ արդեն գործողությունների մեկնարկի:

«Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը: Արգելակվում է ԼՂ հայերի սննդի, գազի, էլեկտրական էներգիայի մատակարարումը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները թրախավորվում են կրակահերթերով, արգելակված է տեղաշարժի հնարավորությունը, նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար:

Այս իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի նաև միջազգային տեղեկացվածության բարձրացումը, ընդ որում՝ ոչ միայն կազամակերպություների և օտարերկրյա կառավարությունների, այլև հանրությունների մակարդակով, և այս ուղղությամբ մեր ջանքերը չպետք է նվազեն»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: