ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լենցովն ասել է, որ սպասենք. եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել. Հելեն Դադայանի մորեղբայր

Լենցովն ասել է, որ սպասենք. եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել. Հելեն Դադայանի մորեղբայր

Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած Արցախի Ճարտար քաղաքի բնակչուհի Հելեն Դադայանի հարազատներն այսօր հավաքվել են Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակի առաջ՝ պահանջելով աղջկա աճյունը տեղափոխել հայրենիք։

«Արդեն մոտ մեկ շաբաթ է` Հելենի աճյունը Գորիսի դիահերձարանում է։ Տևական ժամանակ է` ԿԽՄԿ-ն ձգձգում է պատասխանը։ Հիմա եկել ենք այստեղ` խնդրելու, որպեսզի կատարեն իրենց գործը, իսկ թե ինչու չեն կատարում, գոնե պատճառն ասեն։ Մեր հարցին այդպես էլ չի պատասխանել գրասենյակի ղեկավարը։ Թողել և հեռացել է։

ԿԽՄԿ-ն այս պահին, փաստորեն, սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Մեզ է միացել նաև պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ու առաջարկել դիմել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովին։ Օդանավակայանում հանդիպել ենք Լենցովին, ով ասել է, որ սպասենք. եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել։ Իսկ եթե չստացվի, ապա պետք է բանակցեն, որպեսզի ծնողները գնան ու մասնակցեն հուղարկավորությանը»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել է Հելենի եղբայրը` Նվեր Ստեփանյանը։

 

  • Կիսվել: