շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախցիների բնակարանային կարիքների ապահովման ծրագրում առաջնահերթություն տալ սոցիալական և մատչելի բնակֆոնդի արագ ձևավորմանը․ հայտարարությունը

Արցախցիների բնակարանային կարիքների ապահովման ծրագրում առաջնահերթություն տալ սոցիալական և մատչելի բնակֆոնդի արագ ձևավորմանը․ հայտարարությունը

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության կողմից 2024թ. Մարտի 20-ին կազմակերպված հանրահավաքի մասնակիցները ամրագրել են իրենց դիրքորոշումներն ու առաջարկները՝ Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության ու հրատապ կարիքների ապահովման վերաբերյալ։ Այս մասին ասվում է Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության միասնական հայտարարության մեջ։

«Խստագույնս դատապարտելով Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ցեղասպանական քաղաքականությունը, որի հետևանքով 2020-2023թթ. Արցախի բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական և բռնի տեղահանման ու հայրենազրկման.

Ընդգծելով, որ այդ ցեղասպանությունը տեղի է ունեցել միջազգային հանրության՝ ցեղասպանությունները կանխելու և ժողովուրդներին պաշտպանելու պատասխանատվության բացարձակ ձախողման ու անգործության պայմաններում.

Շեշտադրելով, որ նույն ցեղասպանական քաղաքականության հարուցած գոյաբանական վտանգների և միջազգային պաշտպանության մեխանիզմների պատշաճ չկիրառման պատճառով Արցախի ժողովուրդը դեռևս ի վիճակի չէ վերադառնալ սեփական Հայրենիք՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետություն, որը, ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա, կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում.

Կարևորելով, որ Արցախի ժողովրդի մոտ առկա է կամք հավաքական կերպով վերադառնալու և անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում ապրելու Արցախում.

Բարձր գնահատելով Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցների ցուցաբերած համապարփակ աջակցությունը և արձանագրելով ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի կարևորությունը, չնայած բազմաթիվ խնդիրների ու կարիքների շարունակական առկայությանն առ այսօր.

Ուսումնասիրելով ՀՀ կառավարությունում քննարկվող՝ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման և այլ ծրագրերի հիմնական սկզբունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները.

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը տարբեր ներպետական ու միջպետական ակտերով ու պաշտոնական հայտարարություններով տասնամյակներ շարունակ քաղաքական, իրավական, անվտանգային ու սոցիալ-տնտեսական պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի հանդեպ, որն էլ ճանաչվել է միջազգային հանրության տարբեր ձևաչափերում.

Հիմք ընդունելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանը պարտավորվում է բռնի տեղահանված (ներառյալ՝ փախստական) անձանց ապահովել կացարանով՝ մինչև հարցի վերջնական կարգավորումը.

Կարևորելով Հայաստանի մեր կարիքավոր հայրենակիցների սոցիալական հիմնախնդիրների լուծումը նույնպես՝ միևնույն ժամանակ ընդգծելով Արցախի ժողովրդի կարիքների ու կարգավիճակի, դրանց պատճառների, այդ կարիքների բավարարման ֆինանսավորման աղբյուրների և ՀՀ ստանձնած պարտավորությունների առանձնահատկությունների գիտակցման անհրաժեշտությունը.

Արտացոլելով Արցախի ժողովրդի լայն շրջանակների ու Արցախի Հանրապետության պետական մարմինների հետ ունեցած քննարկումների արդյունքում վերհանված խնդիրներն ու առաջարկությունները՝

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության կողմից 2024թ. Մարտի 20-ին կազմակերպված հանրահավաքի մասնակիցներս ամրագրում ենք մեր դիրքորոշումներն ու առաջարկները Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության ու հրատապ կարիքների ապահովման վերաբերյալ՝

  1. Հայաստանի Հանրապետությունից և միջազգային հանրության բոլոր անդամներից պահանջում ենք ապահովել արդյունավետ միջազգային պաշտպանության մեխանիզմներ Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքի իրացման և պատմական Հայրենիքում անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում կյանքի ապահովման համար:
  2. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. Դեկտեմբերի 7-ի ու 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումների և մի շարք այլ միջազգային փաստաթղթերի համաձայն՝ երաշխավորել Արցախում մեր հոգևոր-մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանությունը ադրբեջանական օկուպացիոն միջամտություններից:
  3. Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու մտադրություններից ու գործողություններից՝ լրացուցիչ չափով հարվածի տակ չդնելու Արցախի ժողովրդի հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության ապահովման տեսանելի հեռանկարները:
  4. Ակտիվ ու գործնական քայլեր ձեռնարկել միջազգային հանրությունից ու Սփյուռքից համապատասխան միջոցներ ներգրավելու ուղղությամբ՝ լուծելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի միջանկյալ մարդասիրական հիմնախնդիրները՝ նախքան հավաքական վերադարձի ապահովումը:
  5. Ապահովել, որ բոլոր մարդասիրական բնույթի ծրագրերը, մի կողմից, բավարարեն Արցախի բռնի տեղահանված ժողովրդի կարիքները, իսկ, մյուս կողմից, նպաստեն նրա արտագաղթի կանխմանը, միասնականության ապահովմանն ու ինքնության պահպանմանը՝ սպասարկելով հավաքական վերադարձի տեսլականին հասնելու ջանքերին:
  6. Հայաստանի Հանրապետությունում ապահովել պայմաններ Արցախի ժողովրդի հավաքական ինքնության պահպանման ու իրավունքների պաշտպանության համար՝ ըստ այդմ առաջիկա բնակարանային ծրագիրն իրականացնելով արցախյան համայնքների պահպանման սկզբունքով:
  7. Բնակարանային կարիքների ապահովման ծրագրում առաջնահերթություն տալ սոցիալական և մատչելի բնակֆոնդի արագ ձևավորմանը՝ սեղմ ժամկետում ապահովելով պետական լայնածավալ աջակցություն կառուցապատման աշխատանքներին:
  8. Երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար սահմանել իրականությանը համապատասխանող գումարի չափ՝ հիմք ընդունելով առկա շուկայական գներն ու սպասվող միտումները:
  9. Աջակցությունը ցուցաբերել ըստ կարիքի՝ առանց գումարի վերադարձելիության պահանջի՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի մեծ կորուստներն ու սոցիալական ծանրագույն վիճակը:
  10. Ծրագիրն իրականացնել առանց խտրականության ու պարտադրանքի՝ անկախ բռնի տեղահանված անձանց քաղաքացիությունից ու հաշվառումից՝ ՀՀ օրենսդրությանն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին համապատասխան:
  11. Առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության գործող ծրագիրը՝ մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը՝ ծրագրում ներառելով նաև 2020թ. տեղահանված անձանց:
  12. Ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների ու անհայտ կորածների, առաջին խմբի հաշմանդամների և բազմազավակ ընտանիքների համար:
  13. Ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և Հայաստանի հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար:
  14. Ծրագրի նախագիծը, ՀՀ օրենսդրությամբ ու իրավակիրառ պրակտիկայով նախատեսված կերպով, դնել հանրային լայն ու մանրակրկիտ քննարկման և հաշվի առնել Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության և Արցախի Հանրապետության պետական մարմինների մտահոգություններն ու առաջարկները: Հանրային քննարկումները պետք է նպատակաուղղված լինեն ծրագրի ներառականության, արդարացիության ու արդյունավետության ապահովմանը:
  15. ենք, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում ներառական ու Ակնկալում արդյունավետ քննարկումներ կսկսեն և հստակ դիրքորոշում կհայտնեն վերոնշյալ հարցերի շուրջ, որպեսզի հնարավոր լինի ավելի մանրամասն քննարկումներ իրականացնել հետագա անելիքների վերաբերյալ: Մենք հետևողական ենք լինելու Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության և կարիքների բավարարման հարցերում՝ կիրառելով օրինական բոլոր միջոցներն այդ ճանապարհին և զերծ մնալով հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը վնաս հասցնող որևէ քայլից»։

  • Կիսվել: