հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոչ ենք անում Բաքվին անհապաղ փոխել ուղեգիծը և ստանձնել միջազգային նորմերի պահպանման պարտավորությունը․ ԵԽ պատգամավորներ

Կոչ ենք անում Բաքվին անհապաղ փոխել ուղեգիծը և ստանձնել միջազգային նորմերի պահպանման պարտավորությունը․ ԵԽ պատգամավորներ

Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, ️Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչև, ️ ️ Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունները կոպտորեն չկատարելու մասին։ Հայտարարությունը ստորև․

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ։ Սա կարող է ունենալ բացասական հետևանքներ և դիտարկվում է որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաև միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի պարտադիր որոշման նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որը պարտավորեցրել է Ադրբեջանին «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները ՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունն ապահովելու համար»։

Հիշեցնենք, որ միջանցքի ադրբեջանական շրջափակումը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից և հումանիտար դժվարություններ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ՝ զգալիորեն խաթարելով խաղաղության հեռանկարները ։ Վերջին գործողություններն էլ ավելի են սրել իրավիճակը։

Կոչ ենք անում Բաքվին անհապաղ փոխել ուղեգիծը և ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և միջազգային պարտավորությունների ու նորմերի պահպանման պարտավորությունները: Եվրամիությունը նախկինի պես պատրաստ է օգնել կողմերին բանակցությունների միջոցով լուծել իրենց բոլոր տարաձայնությունները:

Ավելին, ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ նման գործողությունները ձեռնարկվել են ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ՝ 108 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից հայերի բնաջնջման արշավի մեկնարկի տարելիցի նախօրեին ։ Մենք հարգում ենք ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը և կոչ ենք անում միջազգային հանրությանը զգոն մնալ հրահրող հռետորաբանության և ատելություն սերմանող և հաշտեցումը խոչընդոտող գործողությունների բոլոր դեպքերի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: