շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԿԽՄԿ ներկայացուցիչները Մարտակերտում ծաղիկներ են խոնարհել անհայտ կորածների հուշակոթողին

ԿԽՄԿ ներկայացուցիչները Մարտակերտում ծաղիկներ են խոնարհել անհայտ կորածների հուշակոթողին

Ամբողջ աշխարհում օգոստոսի 30 -ը նշվում է որպես անհայտ կորածների միջազգային օր: Օրվա առթիվ Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչները՝ անհայտ կորած անձանց հարազատների հետ միասին, Մարտակերտ քաղաքում ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել անհայտ կորածների հուշակոթողին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդել է ԼՂ ԿԽՄԿ առաքելության տեղեկատվական բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:

«Այս օրը հիշատակում է զինված հակամարտության, բռնության, գաղթի ու բնական աղետների հետևանքով անհայտ կորած հարյուր հազարավոր անձանց։ Այն առիթ է բարձրաձայնելու տվյալ խնդիրը, անհայտ կորած անձանց հիշելու և նրանց ընտանիքներին մեր բոլորի զորակցությունը հայտնելու»,- նշեց Է. Մուսայելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ նախագահ, անհայտ կորած ազատամարտիկի մայր Վերա Գրիգորյանն իր խոսքում հուշակոթողը սրբավայր է համարել։

«Մենք այստեղ ենք գալիս հանգստանալու, մտածելու և հիշելու մեր անհայտ կորած հարազատներին: Մենք միշտ հույս ունենք, որ մեր սիրելիները կվերադառնան»,-նշեց Վ. Գրիգորյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի խոսքով՝ ժամանակը չի բուժում ոչինչ:

«Միայն ճշմարտությունն է բուժում: Ընտանիքները կարիք և իրավունք ունեն իմանալու, թե ինչ է պատահել իրենց սիրելիների հետ: Անհայտ կորած անձի ճակատագրի պարզաբանումը հաճախ բարդ և երկար գործընթաց է և շարունակվում է տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ: Մենք բոլորս պետք է հասկանանք, թե ինչ դժվար կացության մեջ են ընտանիքները և նրանց կողքին լինենք»,-ասել է Բ . Լամոնը:

  • Կիսվել: