ԿԽՄԿ֊ն օգնություն է ցուցաբերել տեղահանված ընտանիքներին
Այսօր՝ հուլիսի 20-ին, ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի գրասենյակը մարդասիրական օգնություն է ցուցաբերել 44֊օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և ԱՀ Մարտունու շրջանում վերաբնակեցված ընտանիքներին:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Աշան համայնք և օգնություն ցուցաբերել Շուշի քաղաքից, Մարտունու շրջանի Վազգենաշեն, Հադրութի շրջանի Մարիամաձոր, Ասկերանի շրջանի Ուղտասար, Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան համայնքներից տարհանված և Աշան համայնքում վերաբնակեցված վեց ընտանիքների։ Օգնությունն ընդգրկում էր սնունդ և հիգիենայի պարագաներ»,- նշել է Է. Մուսայելյանը:
Մեր զրուցակցի հավաստմամբ՝ տեղահանված ընտանիքներին նմանատիպ մարդասիրական օգնությունները շարունակական բնույթ են կրելու:

