կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կկազմակերպվի «Արցախյան գորգարվեստ» խորագրով մրցույթ. ընդունվում են մասնակցության հայտեր

Կկազմակերպվի «Արցախյան գորգարվեստ» խորագրով մրցույթ. ընդունվում են մասնակցության հայտեր

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, արցախյան գորգագործական ու ասեղնակարի մշակութային ավանդույթների վերականգնման ու ժողովրդական արհեստների հանրահռչակման նպատակով ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում հայտարարում է «Արցախյան գորգարվեստ» խորագրով մրցույթը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնեց ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Մերի Սարդարյանը: «Այն կանցկացվի երեք անվանակարգերով՝ գորգ, կարպետ, ասեղնագործություն:

«Գորգ և կարպետ» անվանակարգերում ներկայացված աշխատանքները պետք է ունենան առնվազն մեկ մետր քառակուսի մակերես, «ասեղնագործություն» անվանակարգում՝ առանց սահմանափակման: Մրցույթի պարտադիր պայման է նաև Արցախյան գորգապատկերների և զարդանախշերի օգտագործումը», - մեզ հետ զրույցում ասաց Մ. Սարդարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի օգոստոսի 15-ը, իսկ պատրաստի աշխատանքները՝ մինչև սեպտեմբերի 15-ը: Հավելյալ տեղեկությունների և պարզաբանումների համար մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել 047 97-91-34 հեռախոսահամարով:

  • Կիսվել: