Խանցքում տեղահանված ընտանիքների համար տներ են վերանորոգում
ԱՀ Ասկերանի շրջանի Խանցք համայնքն ունի 224 բնակիչ. պատերազմից հետո բոլորն էլ գյուղ են վերադարձել։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խանցքի համայնքապետ Առնոլդ Աբրահամյանը:
«Գյուղում վերաբնակեցվել է 4 ընտանիք՝ 20 հոգով: Մինչև սեպտեմբեր ևս 10 ընտանիքի կընդունենք: Այս պահի դրությամբ 10 տուն է վերանորոգվում նրանց տրամադրելու համար: Դպրոցը՝ 22 աշակերտներով, վերաբացվել է դեկտեմբեր ամսից: Այս ուսումնական տարվանից նրանց կմիանա 8 աշակերտ: Մանկապարտեզ չունենք, քանի որ շենքը վերանորոգման կարիք ունի: Համայնքում գործում են համայնքային կենտրոն, հանդիսությունների սրահ ու ակումբ, որոնք նորակառույց են. ունենք նաև բուժկետ: Գյուղը մայրուղուն կապող ճանապարհը սալապատել ենք, իսկ գյուղամիջյան ճանապարհների խորդուբորդ հատվածները նույնպես կսալապատենք: Խանցքն արդեն մեկ տարի է՝ գազաֆիկացված է ապահովված էլեկտրաէներգիայով: Ունենք ջրի խնդիր. ջուր ստանում ենք օրական մի քանի ժամով»,- նշեց Ա. Աբրահամյանը՝ ցավով տեղեկացնելով որ 44֊օրյա պատերազմում իրենց փոքր գյուղը 4 զոհ է ունեցել։
Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ բնակչության մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ: