երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կարմիր Շուկան «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կունենա

Կարմիր Շուկան «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կունենա

Հուլիսի 3-5-ը Արցախում կայանալիք «Tech Week Artsakh»-ի շրջանակներում տեղի կունենա Կարմիր շուկա համայնքի դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացումը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հանրային կապերի պատասխանատու Աննա Դանիելյանը:

«Մենք նպատակ ունենք , որ Արցախի գյուղերում ինժեներական կրթությունը հասանելի լինի երեխաներին։ Մենք վստահ ենք, որ հայրենիքը միայն զենքով չէ, որ պիտի պահվի: Մեր եղբայրների արյունով ու կյանքով պահած Կարմիր Շուկայում «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացումը համարում ենք սուրբ գործի տրամաբանական շարունակությունը:

Այս նպատակով երկու օրում հավաքվել է 11 հազ.928 դոլլար։ Ակնկալում ենք մեր բոլոր ընկերների օժանդակությունը այս գործին»,- նշել է Ա. Դանիելյանը: Նա մանրամասնել է, որ ինժեներական լաբորատորիան հիմնադրվելու է «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) գումարտակի կամավորների նախաձեռնությամբ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից՝ ի հիշատակ ՈՄԱ 157 գումարտակի զոհված մարտիկների։ Բացումը տեղի է ունենալու հուլիսի 4-ին` ժամը 12:00-ին ։ Միջոցառումը կտևի շուրջ երկու ժամ:

  • Կիսվել: