կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կարմիր Խաչը Վագիֆ Խաչատրյանին վերջին անգամ հոկտեմբերի 11-ին է այցելել

Կարմիր Խաչը Վագիֆ Խաչատրյանին վերջին անգամ հոկտեմբերի 11-ին է այցելել

Բաքվի դատարանում այսօր  կշարունակվի այս տարվա հուլիսին Լաչինից առևանգված և Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի «դատական նիստը»՝ նրան առաջադրված շինծու մեղադրանքներով։  

Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում այսօր ասել է, որ   նիստից որևէ տեղեկություն չունեն: Ի՞նչ պայմաններում է պահվում իր հայրը, ի՞նչ վիճակում է այժմ, այդ հարցերի պատասխանները նույնպես չունեն: Վերա Խաչատրյանի խոսքով` այս օրերին անգամ «Կարմիր խաչը» չի այցելել իր հորը. 

«Մենք էլ բոլորի պես ամեն ինչ համացանցից ենք իմանում: «Կարմիր խաչը» չունի տեղեկություն, քանի որ չի այցելել, ամիսը մեկ, թե 40 օրը մեկ են այցելում գերիներին: Վերջին անգամ «Կարմիր խաչը» հորս այցելել է հոկտեմբերի 11-ին», - նշել է նա: Ենթադրվում է, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս, կարծում ենք՝ այս հարցում շատ փոքր է «Կարմիր խաչի» մեղքը։

Լրատվամիջոցը  նաև հարցրել է՝ այս ամիսների ընթացքում ՀՀ իշխանությունների որևէ ներկայացուցիչ, հետաքրքրվե՞լ է Վագիֆ Խաչատրյանի ընտանիքից, դուստրերից, ինչպե՞ս են, ինչի՞ կարիք ունեն, որտեղ են տեղավորվել։ Ի վերջո, մարդիկ արհավիրքի միջով են անցել, դրան գումարած՝ ընտանիքի տարեց հայրը գերության մեջ է հայտնվել։ Վագիֆ Խաչատրյանի դուստրն  ասել է. «Ոչ, ոչ մի զանգ չենք ստացել, ոչ մի բան: Ես հիմա շատ վատ վիճակում եմ, ոչինչ չեմ կարողանում խոսել», - նշել է Վերա Խաչատրյանը:

  • Կիսվել: