կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ջարդում էին դռները, թալանում տները․ Անուշը մեկ շաբաթ մնացել է ադրբեջանցիների հսկողության տակ

Ջարդում էին դռները, թալանում տները․ Անուշը մեկ շաբաթ մնացել է ադրբեջանցիների հսկողության տակ

«Սեպտեմբերի 20-ի կեսօրին Վերին Հոռաթաղը հարևան մյուս բնակավայրերի հետ տարհանվեց։ Դա այնքան հապճեպ տեղի ունեցավ, որ նույնիսկ ժամանակ չկար մտածելու՝ հետ կգա՞նք, թե՞ ոչ։ Ես ինչպե՞ս կարող էի դուրս գալ, եթե տղաս դիրքերում էր, իսկ չորսբոլորը՝ արյուն-հեղեղի մեջ էր»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է 40-ամյա Անուշ Հովսեփյանը։ 

Վերջինս դատարկված գյուղում միայնակ մնացել է 1 շաբաթ։ Անուշի խոսքով` երբ ինքը բացառել է լքել գյուղը, իր 3 երեխաները վախեցել ու պատուհանով դուրս են եկել, հետո համագյուղացիների հետ տարհանվել։ 

«Ես դուրս եմ եկել փնտրելու երեխաներին, նույնիսկ չէի մտածում, որ բոլորը դուրս եկած կլինեն, որովհետև մարտերը դեռ շարունակվում էին, մեր տղերքը դիրքերում էին։ Տեսա, որ գյուղում արդեն մարդ չկա, եկել ու նստել եմ տան բակում։ Արդեն հասկացել էի, որ երեխաներս ևս տարհանվել են, սիրտս զգում էր, բայց ինձ մոտ դեռ ամեն ինչ անորոշ էր։ Կարճ ժամանակ անց, նկատեցի ադրբեջանցիներին։ Նրանք հերթով ջարդում էին բոլոր դռները, ներս մտնում, թալանում։ Երբ հանդիպեցին ինձ, ես ահավոր վախեցած էի, մտածեցի կսպանեն։ Ասացին՝ «ինչո՞ւ դուք դուրս չեք եկել», ես նրանց ասացի, որ տղաս դիրքերում է, դրա համար մնացել եմ։ Ասացին՝ մեր այս խումբը ձեզ ոչինչ չի անի, բայց չենք երաշխավորում ձեր անվտանգությունը, որովհետև երբ ուրիշ խմբեր գան, չգիտենք՝ ինչ կանեն»,- հիշում է նա։ 

Անուշին, այնուհետև, Վերին Հոռաթաղից տեղափոխել են Քարվաճառ, այնտեղ գերիների մյուս խմբին չի հանդիպել։ Միայն Խնկավանից Էլմիրային է տեսել, ում ևս գերեվարել էին իրենց գյուղից։ Նույնիսկ ադրբեջանցիներն առաջարկել են, որ Անուշը ուտելիք պատրաստի կնոջ համար։ Հետո նրան այլ ուղղությամբ էին տարել. «Ես Քարվաճառում մնացել եմ 1 օր, ինձ ասել էին, որ Քարվաճառից Վարդենիս են ուղեկցելու, բայց բերել են Գետավան։ Մնալն արդեն անհնարին էր դառնում։ Ես առաջարկեցի ադրբեջանցի «կամանդիր»-ին, որ ինձ մեր գյուղ ուղեկցեն, ասացի՝ ի՞նչ տարբերություն, ստեղ մնամ, թե ընդեղ, մեկ ա ամեն տեղ իրենք էին։ Ոտքով գյուղ բարձրանալը վախենալու էր։ Երբ ինձ ուղեկցեցին տուն, տեսա մեր տան դռներն էլ են ջարդել, զինվորականները տանում են մեր երինջը, իսկ ես ոչխարներն ու հավերն եմ տվել իրենց»։

Անուշը մեկ շաբաթ մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Տեսնելով, որ կինն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում, նրան սկզբում չեն փոխանցել փրկարար ծառայողներին։

«Առաջին օրն ասել են՝ «մեզ մոտ նման մարդ չկա»։ Բայց Ստեփանակերտում եղբայրս նորից է դիմել փրկարարներին, խնդրել, որ որոնումներ ձեռնարկեն անտառներում՝ վստահեցնելով, որ «Անուշը հեռու տեղ չէր գնա»։ Ես էլ խնդրեցի ադրբեջանցի զինվորականներին, որ բաց թողնեն, ցուրտ էր, հիվանդացել էի և հետո շատ անհանգիստ էի։ Ադրբեջանցիները սկզբում ասել են, որ ինձ բաց չեն թողնի։ Չգիտեմ, գուցե ավելի վատ նպատակներ ունեին, ասում էին՝ «դու պիտի մնաս մեզ մոտ»»,- ասում է կինը։

Փրկարարների հաջորդ այցով ադրբեջանցիներն Անուշին, ի վերջո, փոխանցել են հայկական կողմին։ Նա տեղափոխվել է Ստեփանակերտ, այնտեղից տեղահանվել Հայաստան։

  • Կիսվել: