երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Վարդանյանը պաշտոնը կլքի ոչ թե կոնֆլիկտի, այլ փոխհամաձայնության արդյունքում․ «Հրապարակ»

Վարդանյանը պաշտոնը կլքի ոչ թե կոնֆլիկտի, այլ փոխհամաձայնության արդյունքում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին ուղերձ է հղելու․ «2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախի Հանրապետության առջեւ ծառացած կարեւորագույն հրամայականներից էր ներքին համերաշխության ու միասնականության ապահովումը՝ երկրում առաջացած խնդիրներն արժանապատվորեն եւ անցնցում հաղթահարելու համար:

Այդուհանդերձ, հանրության շրջանում ձեւավորված դժգոհությունն ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտը դեռեւս շարունակում են պահպանվել, ինչը պարտադրում է իշխանություններին՝ հավելյալ քայլեր ձեռնարկել արցախյան ներքին կյանքի կայունությունն ու տեւական խաղաղությունն ապահովելու ուղղությամբ»:

Տեղեկություններ կան, որ հինգշաբթի օրը Հարությունյանը կհայտարարի Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին: Հիշեցնենք, որ Վարդանյանն ավելի վաղ ասել էր, որ հրաժարական չի տալու, ուստի որոշվել է, որ նա պաշտոնից կհեռացվի ԱՀ նախագահի հրամանագրով, սակայն ոչ թե կոնֆլիկտի, այլ փոխհամաձայնության արդյունքում: Ավելին` Վարդանյանը պատրաստվում է մնալ Արցախում եւ օգնել տարբեր խնդիրների լուծման հարցում:

Պետնախարար կնշանակվի Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ում ոմանք կապում են սորոսական շրջանակների հետ` մատնացույց անելով նրա կենսագրության մեջ առկա իրավապաշտպան գործունեությունը` 2020 թ. հուլիսից մինչեւ 2021թ․ փետրվար: Ոմանք էլ շեշտում են նրա ջերմ հարաբերությունները Դանիել Իոաննիսյանի հետ:

Մեզ ասացին, որ այդ հարաբերությունները ձեւավորվել են գործի բերումով` 2020 թ. ապրիլի 14-ին Արցախի նախագահական ընտրությունների շրջանից, երբ Իոաննիսյանը, նաեւ ՀՀ պետբյուջեից ստացած գրանտով, իրականացնում էր Արցախի ընտրությունների դիտարկումը։ Արցախի դատախազի հանձնարարությամբ դիտորդների հետ աշխատել է ավագ դատախազ Գուրգեն Ներսիսյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 

  • Կիսվել: