հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իմ ուխտին հավատարիմ ՝ պետք է ծառայեմ Արցախին. Զաքար Քեշիշյան

Իմ ուխտին հավատարիմ ՝ պետք է ծառայեմ Արցախին. Զաքար Քեշիշյան

«Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, Արցախի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Զաքար Քեշիշյանը հերթական այցով Արցախում է:

«Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Զաքար Քեշիշյանի հետ, ով 29 տարի շարունակ այցելում է Արցախ:

« Ինձ համար անասելի ցավ է անցնել Շուշիի կողքով, չմտնել Շուշի, չգրկել հարազատի պես. 29 տարիների մեջ սա առաջին ծանր այցն է: Բայց, երբ եկա այստեղ և շրջապատվեցի իմ սիրելի արցախցիներով,նրանք ինձ ուժ տվեցին, որ ես կարողանամ շարունակել իմ՝ 29 տարի առաջ սկսած առաքելությունը»,- ասել է Զ. Քեշիշյանը՝հավելելով, որ Արցախյան երրորդ պատերազմում բազմաթիվ հարազատներ է կորցրել:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ Արցախի ԿԳՄՍ նախարարության և «Վարանդա» երգչախմբի անձնակազմի համագործակցությամբ նախատեսվում է կյանքի կոչել համերգային ծրագիր՝ «Երգող Արցախ» խորագրով:

«Մենք ամեն օր պարապմունքներ ենք անցկացնում Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում: Այնուհետև 100 երեխաների հետ պետք է կատարենք 19 երգ, որոնք մեր ինքնության հավաստումներն են: Այդ համերգը տեղի է ունենալու ի հիշատակ և ի երախտագիտություն՝ մեր նահատակների, ու որպես կոչ՝ վերապրումի և վերականգնման: Զուգահեռաբար՝ օոգոստոսի 25-ին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում, ես՝ որպես դուդուկահար, առանձին համերգով հանդես կգամ: Նախատեսված երկու համերգներն իրարից անջատ են, բայց ոգեղեն կապ ունեն միմյանց հետ: Ապրումներս խառնված են իրար: Ես ամեն օր տեսնում եմ շուշեցիներ, հադրութցիներ, հարազատներ, որոնք բնահան են եղել, սակայն վերադարձել են Արցախ, որպեսզի շարունակեն ապրել ու արարել: Ես վստահ եմ, որ բոլորը մի օր կվերադառնան իրենց հայրենիք, և մենք մեր թշնամու աչքի առաջ կկառուցենք հզոր երկիր»,- ընդգծել է Զաքար Քեշիշյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա հավաստմամբ՝ պատերազմը երեխաների հոգում չի կոտրել ուժեղ կամքը, և նախկին խանդավառությունն էլ ավելի է բարձրացել:

«Ես մեծ ուրախություն եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչ մեծ խանդավառությամբ են երեխաները մասնակցում փորձերին, պատրաստվում, սովորում՝ նորը: Այս տարի հանդես կգա «Վարանդա» երգչախմբի երիտասարդական ամբողջ կազմը: Պատանեկան կազմում ընդգրկված էին շուշեցի 25-30 երեխա, սակայն նրանք այսօր ցրված են, և նրանց տեղը համալրելու են եկել հադրութցի ու Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի սաները: Արդյունքում ունենք 60 հոգանոց խումբ, որի հետ պետք է իրագործենք մեր համերգները»,- ասաց Զ. Քեշիշյանը:

  • Կիսվել: