կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Իմ անվերապահ սատարումն եմ հայտնում Ձեզ. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին

Իմ անվերապահ սատարումն եմ հայտնում Ձեզ. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին

Արցախի պաշտոնաթող նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին՝ իր անվերապահ սատարումը հայնելով վերջինիս: Հարությունյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան էջում:

«Հարգարժա՛ն պարոն Շահրամանյան,

Ուրախ եմ, որ երեկ, ԱՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանն ամբողջապես համապատասխանող ընթացակարգերով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եք Հանրապետության նախագահի պաշտոնում, իսկ այսօր՝ երդմնակալությամբ ստանձնել լիազորությունները: Հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ Արցախի համար այս ճակատագրական փուլում ստանձնած դժվարագույն լիազորությունների իրականացման հարցում:

Գնահատելի է Ձեր վճռականությունն ու պատրաստակամությունը այսպիսի պայմաններում վերցնելու ծանր պատասխանատվություն և առաջնորդելու Արցախի ժողովրդին դեպի մեր ազգային իղձերն ու սահմանադրական նպատակները:

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ես իմ անվերապահ սատարումն եմ հայտնում Ձեզ և պատրաստ եմ առավելագույնս նպաստելու Ձեր նախագահական լիազորությունների արդյունավետ իրագործմանը:

Ընդունե՛ք հարգանացս հավաստիքը և լավագույն բարեմաղթանքներս՝ հանուն Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ հարատևման և Արցախի Հանրապետության ամրացման», - գրել է Հարությունյանը:

  • Կիսվել: