չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Human Rights Watch»-ը կոչ է անում Բաքվին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի իրավունքը

«Human Rights Watch»-ը կոչ է անում Բաքվին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի իրավունքը

Ըստ իրավապաշտպան կազմակերպության, հայերի զանգավածային տեղահանումից հետո, ուշադրության կենտրոնում են իրավունքների շուրջ բանակցությունները Ադրբեջանի հետ։

Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները դյուրացնելու գործում ներգրավված կառավարությունները պետք է Ադրբեջանի նախագահի կողմից հավաստիացում ստանան, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը պաշտպանվելու է, իսկ Բաքուն տեր է իր ստանձնած պարտավորություններին՝ հայտարարել է «Human Rights Watch» (HRW) միջազգային հեղինակավոր իրավապաշըտպան կազմակերպությունը:

Ըստ HRW-ի, շրջանի և նրա բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի ծրագիրը պետք է սահմանի, թե կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ինչպես են պաշտպանվելու մարդու, մասնավորապես՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքները: Բաքուն նաև պետք է ողջունի իր իսկ ստանձնած պարտավորությունների կատարմանը հետևելու նպատակով միջազգային դիտորդական անկախ առաքելության ստեղծումը:

Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի գործընկերներ-երկրներին պնդել միջազգային դիտորդական առաքելության ստեղծման անհրաժեշտության վրա, նաև՝ հորդորել Ադրբեջանի իշխանություններին՝ քայլեր ձեռնարկել՝ դյուրացնել Լեռնային Ղարաբաղ կարճատև, կամ երկարաժամկետ այցելություններ իրականացնելու իրավունքի իրացումը:

«Ադրբեջանի գործընկերները պետք է հստակ ուղերձ հղեն երկրի ղեկավարությանը, որ երբ խոսքը վերաբերում է վերադարձի իրավունքին, անընդունելի կլինեն դատարկ հռետորաբանությունը կամ կիսատ քայլերը»,- ասել է «Human Rights Watch»-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսոնը՝ ընդգծելով անկախ դիտորդական առաքելության ստեղծման անհրաժեշտությունը՝ մտավախություններն ու կասկածը փարատելու համար:

«Human Rights Watch»-ը Հայաստանի սահմանին հարցազրույցների շարք է անցկացրել Լեռնային Ղարաբաղը թողած 14 անձանց և 7 ընտանիքների, նաև՝ մարդասիրական ոլորտի 12 աշխատակիցների, բժշկական անձնակազմի, հայաստանցի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի նախկին դե ֆակտո իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Ըստ HRW-ի, այս սեպտեմբերի 24-ից ավելի քան 100 հազար մարդ է տեղահանվել Լեռնային Ղարաբաղից՝ մուտք գործելով Հայաստան, ինչի հետևանքով ներկայում շրջանը զրկվել է բնակչությունից: Լեռնային Ղարաբաղում մնացած մարդկանց թվում կան տարեցներ և հիվանդներ, որոնք կամ չեն ցանկացել, կամ չեն կարողացել փախչել։ Զանգվածային տեղահանմանը նախորդել էր սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ռազմական հարձակումները՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու նպատակով, որին հաջորդել է կրակի դադարեցումը և նախնական բանակցությունները Ադրբեջանի իշխանությունների ու Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների միջև։ Այնուհետև, անկլավի դե ֆակտո իշխանությունները համաձայնել են լուծարվել:

Կազմակերպությունը նշում է, երբ սեպտեմբերի 24-ին վերաբացվեց Լաչինի ճանապարհը, որը [տևական ժամանակ է] փակ էր շրջափակման պատճառով, մարդիկ ուղղակի սկսեցին փախչել։ Հարցվածները փոխանցել են, որ հարկադրված լքել են իրենց տները՝ վախի և խուճապի հետևանքով: Շատերն ասել են, թե Լեռնային Ղարաբաղի իննամսյա դե ֆակտո շրջափակումը և 2020 թվականի պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից ենթադրյալ վայրագությունները, ներառյալ՝ քաղաքացիական անձանց սպանություններն ու խոշտանգումները, մեծ վախ ու անվստահություն են առաջացրել:

Գորիսում հայաստանցի մի պաշտոնյա փոխանցել է, որ բազմաթիվ, հիմնականում՝ տարիքն առած մարդիկ մահացել են զանգվածային տեղահանման ժամանակ, թեև «Human Rights Watch»-ը ընդգծում է՝ չի կարող հաստատել այդ տեղեկության իսկությունը։

Կազմակերպությունը հիշեցնում է, Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե Լեռնային Ղարաբաղում պաշտպանվելու են մարդու իրավունքները, սակայն, ըստ «Human Rights Watch»-ի, նման խոստումներին դժվար է հավատալ՝ ամիսների ծանր դժվարությունների, տասնամյակներ տևած արյունալի հակամարտության, հատկապես ռազմական գործողությունների ժամանակ տեղ գտած ենթադրյալ հանցագործություններն անպատիժ թողնելու հետևանքով: Այս ամենից զատ, Ադրբեջանում մարդու իրավուքների պաշտպանության բնագավառում արձանագրվում է հետընթաց:

Հարցվածների մեծ մասը փոխանցել է, որ միջազգային անվտանգության առկայության պարագայում կարող է մտորել Լեռնային Ղարաբաղ վերադառնալու մասին՝ սեփական ունեցվածքը դուրս բերելու համար: «Human Rights Watch»-ը նշում է, Խանքենդիից (Ստեփանակերտ) մի մարդ ասել է, որ կարող է դիտարկել ընտանիքի հետ միասին երկար ժամանակով Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցը, «եթե Ադրբեջանը թույլ տա հայերին այնտեղ ապրել որպես համայնք՝ հայկական դպրոցներով, հայկական եկեղեցիով ու վարչական անձնակազմով»:

HRW-ի կարծիքով, Ալիևի հրաժարվելուց հետո՝ մասնակցել Գրանադայի բանակցություններին, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և բանակցություններում ներգրավված մյուս կողմերը պետք է կրկնապատկեն ջանքերը՝ առանձնացնելու այն կոնկրետ քայլերը, որոնք Ադրբեջանը պետք է ձեռնարկի՝ [Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի] վերադարձի իրավունքը դյուրացնելու համար՝ լինի դա կարճաժամկետ այց (իրերը հավաքելու, անշարժ գույքը տնօրինելու, գերեզմաններ այցելելու համար), կամ երկարաժամկետ՝ նրանց համար, ովքեր ցանկանում են մշտապես վերադառնալ:

Ըստ «Human Rights Watch»-ի, այն մարդիկ, ովքեր այլևս չեն ցանկանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ՝ մշտական բնակության, պետք է փոխհատուցում ստանան իրենց կորսված ունեցվածքի համար և պետք է կարողանան հավաքել այնտեղ մնացած իրերը, ինչպես նաև մուտք ունենալ ցանկացած բանկային հաշիվ, կամ հնարավորություն ունենալ նպաստ ստանալու, օրինակ՝ կենսաթոշակ: Ադրբեջանը նաև պետք է երաշավորի, որ տարհանվածների ունեցվածքը պաշտպանված կլինի թալանից կամ վնասվելուց։

Իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, վերադարձողների համար Ադրբեջանը պետք է ապահովի հայալեզու կրթության հասանելիություն, կոնկրետ երաշխիքների միջոցով պաշտպանի մարդկանց քաղաքացիական, քաղաքական, կրոնական և մշակութային իրավունքները։ Հեռացած հայերին պետք է ներկայացվեն անհրաժեշտ տեղեկատվություն և հստակ ուղեցույցներ՝ Լեռնային Ղարաբաղում իրենց բնակությունը վերսկսելու, իրենց իրավունքները, այդ թվում՝ սեփականության և սոցիալական ապահովության իրավունքը պաշտպանելու համար: Ապագա պայմանավորվածությունները պետք է նախատեսեն էթնիկ հավասարակշռություն ոստիկանական և տեղական կառավարման համակարգում: Միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա հետապնդել մարդկանց՝ 1990-ականների և 2020թ. պատերազմների ժամանակ ռազմական գործողություններին մասնակցելու համար։

«Վերջին մի քանի շաբաթները սարսափելի ժամանակաշրջան էին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության համար։ Ադրբեջանի գործընկերներն այժմ պետք է ապահովեն, որպեսզի Ադրբեջանի իշխանություններն այս տրավման ու կորուստը չվերածեն երկարաժամկետ անարդարության»,- եզրափակել է Ուիլյամսոնը։

  • Կիսվել: