հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հուլիսի 26-31-ը հայտնաբերվել և ոչնչացվել են 60 հրթիռ, թնդանոթի 3 արկ, 1 ավիառումբ. ԱՀ ԱԻՊԾ

Հուլիսի 26-31-ը հայտնաբերվել և ոչնչացվել են 60 հրթիռ, թնդանոթի 3 արկ, 1 ավիառումբ. ԱՀ ԱԻՊԾ

2021 թվականի հուլիսի 26-31-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 894 զանգ:
 
Շաբաթվա ընթացքում ծառայությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում արձագանքնել է բոլոր կանչերին, որի արդյունքում Արցախի Հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը:
 
Հրդեհի մասին գրանցվել է 19 կանչ, որից միայն 11-ը բռնկվել են Ստեփանակերտ քաղաքի բնակելի թաղամասերին կից չոր խոտածածկ տարածքներում և աղբանոցներում: Մեկ դեպք գրանցվել է Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի բնակելի տներից մեկում: Տուժողներ չեն եղել:
 
Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 1 կանչ գրանցվել է Մարտունու շրջանում: Տուժել է մեկ քաղաքացի: Փրկարարներն ու բժիշկները վերջինիս տեղափոխել են բուժհաստատություն: Նրա առողջական վիճակը բավարար է:
 
Շաբաթվա ընթացքում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում իրականացրել են ինժեներահետախուզական աշխատանքներ: Հայտնաբերված զինամթերքը վնասազերծվել է տեղում: Յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել և ոչնչացվել են կյանքի համար վտանգ ներկայացնող կասետային 60 հրթիռ, թնդանոթի 3 արկ, 1 ավիառումբ, 2 պայթուցիչ:
 
Կենցաղային բնույթի 34 կանչից 8-ը ստացվել են բնակչությանը խմելու ջուր մատակարարելու վերաբերյալ: Փրկարարները կատարել են դռան 7, վերելակի՝ 3 բացում:
 
Փրկարար ծառայողներն անցած շաբաթ այցելել են մանկապատանեկան և երիտասարդական ամառային ճամբարներ՝ կազմակերպել առաջին օգնության դասընթացներ, միաժամանակ անվտանգության ապահովման նպատակով իրականացրել տեխնիկական ստուգումներ:
 
Ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար կատարել են 3 ելք: Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1619 աճյուն:

  • Կիսվել: