շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հիմա մեր հիմնական ուշադրությունը և կենտրոնացումը սեպտեմբերի 19-ի դեպքերի բերումով ԼՂ-ից հեռացած մեր հայրենակիցների խնդիրներն են. Փաշինյան

Հիմա մեր հիմնական ուշադրությունը և կենտրոնացումը սեպտեմբերի 19-ի դեպքերի բերումով ԼՂ-ից հեռացած մեր հայրենակիցների խնդիրներն են. Փաշինյան

44-օրյա պատերազմից հետո ԼՂ-ից հեռացած մեր այն հայրենակիցները, որոնք արդեն բռնի տեղահանվածի եւ փախստականի վիճակում են եղել, նրանց համար մենք որոշակի ծրագրեր իրականացրել ենք, այդ թվում՝ գործում է նաեւ բնակարանային ապահովման ծրագիր, մենք նույնիսկ բնակարանների գնման վկայագրերի բաշխման որոշակի ծրագիր ենք իրականացրել, որին պետք է անդրադառնանք ժամանակ առ ժամանակ, տեսնենք՝ ինչպես են ծրագրերն աշխատում։ Այս մասին այսօր ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե 44-օրյա պատերազմի հետեւանքով բռնի տեղահանված արցախցիների բնակվարձերի փոխհատուցում չի՞ լինում արդյոք։

Խոսելով այն մասին, թե արցախցիները, որոնք մինչ տեղահանումը դուրս էին եկել, եւ հիմա կորցրել են բնակարանները, ինչո՞ւ շահառու չեն համարվում, Փաշինյանը նշեց. «Հիմա մեր հիմնական ուշադրությունը եւ մեր կենտրոնացումը եղել են եւ կան սեպտեմբերի 19-ի դեպքերի բերումով ԼՂ-ից հեռացած մեր հայրենակիցների խնդիրները։ Մենք ընդունում ենք, որ կան դեպքեր, որոնք այս դեպքի կամ այն մյուս դեպքի մեջ չեն մտնում, եւ այդ դեպքերը պետք է անհատական կերպով նայենք ու քննենք, եւ եթե լինի անհատական խմբով, եթե լինի նոր շահառուների խմբեր ձեւավորելու հնարավորություն եւ լեգիտմիություն, մենք դրա մասին կմտածենք»։

Վարչապետը նաեւ վստահեցրեց. «Մենք երբեք օբյեկտիվ հիմնավորումը չենք անտեսի, սակայն այնտեղ, որտեղ չկա օբյեկտիվ հիմնավորում, որովհետեւ կան մեր քույրերը եւ եղբայրները, ովքեր ինչ-ինչ հանգամանքների բերրումով որոշ ժամանակ առաջ տեղափոխվել են Հայաստան... Կոնկրետ այս դեպքը մենք նորից կնայենք, եւ կփոխանցենք Սոցապ նախարարություն»։

 

  • Կիսվել: