Հերհերը նոր համայնքապետարան ու բուժկետ ունի․ (Լուսանկարներ)
Այսօր՝ հուլիսի 29-ին, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի իրականացրած ծրագրով ԱՀ Մարտունու շրջանի Հերհեր համայնքում տեղի է ունեցել նորակառույց համայնքապետարանի շենքի բացումը, որտեղ կգործի նաև համայնքի բուժկետը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նորակառույց շենքն օրհնել է շրջանի հոգևոր հովիվը:
Հերհեր համայնքի ղեկավար Արման Ալեքսանյանն իր և համայնքի բնակիչների անունից խորին շնորհակալություն է հայտնել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին:

Մինչ պատերազմը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը Արցախի տարբեր շրջաններում մեծ գործունեություն էր ծավալում, ինչը լայն թափ է ստացել պատերազմից հետո:
«Տարիներ ի վեր «Թուֆենկյան» հիմնադրամը Արցախում կարևոր աշխատանքներ է իրականացնում, մանավանդ՝ պատերազմից հետո: Այս պատերազմից անմիջապես հետո, համագործակցելով Արցախի պատկան մարմինների հետ, հիմնադրամը որոշել է Մարտունու շրջանի Հերհեր և մոտակա համայնքներում ծավալել իր աշխատանքները: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ արցախցին շարունակի ապրել ու արարել իր սեփական հողի վրա»,- նշել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի արտաքին կապերի տնօրեն Ռուբեն Ջամբազյանը:
Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի հավաստմամբ՝ նմանատիպ ծրագրերը շրջանի համար շատ մեծ նշանակություն ունեն, ինչը նպաստում է, որ բնակչությունը շարունակի շենացնել իր երկիրը:



