երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայն անապատում էլ կկարողանա մի բան ստեղծել. արցախցի ընտանիքը Դիլիջանում հացի փուռ է հիմնել

Հայն անապատում էլ կկարողանա մի բան ստեղծել. արցախցի ընտանիքը Դիլիջանում հացի փուռ է հիմնել

Արդեն մի քանի շաբաթ է` Դիլիջան–Իջևան ճանապարհին գործում է «Արցախյան հաց» փուռը։ Հացը քաղաքում արդեն սիրվել է, արտադրության ծավալներն էլ աստիճանաբար ավելանում են։ Sputnik Արմենիայի թիմը որոշել է փորձարկել արցախյան հացի համն ու ընթերցողներին պատմել այդ մասին։
 
Փուռը կմեծացնի, հացերի տեսականին կավելացնի, թոնիր կունենա, գաթա, փախլավա էլ կթխի, Դիլիջանում իսկական արցախյան շունչ կբերի։ Ապագայի համար այսպիսի ծրագրեր ունի Արցախից բռնի տեղահանված ու Դիլիջանում հաստատված 37-ամյա Վիգեն Բաբայանը։ Արդեն մոտ 3 շաբաթ է` նա արցախյան հացի բույրն է տարածում Դիլիջանում։ Ստեփանակերտից ընտանիքի հետ տեղահանվելուց ու այստեղ գալուց հետո որոշեցին ժամանակ չկորցնել. ինչքան շուտ կյանքը զրոյից սկսեն, այնքան արագ ոտքի կկանգնեն։
 
Ստեփանակերտում էլ Վիգենը հացի փուռ ուներ. աշխատանքը շրջափակման ժամանակ էր սկսել։ Մինչ այդ ապահովագրական ընկերություններից մեկի գործակալ էր։ Քանի որ շրջափակման ժամանակ վառելիք չկար, հետևապես մեքենաների ապահովագրության գործ էլ չկար։ Այդպես կնոջ եղբոր առաջարկով սկսեց թոնրի հաց թխել։
 
«Մեկ–մեկ ալյուր չլինելու պատճառով չէինք աշխատում, 1-2 օր հետո էլի ալյուրը տալիս էին, աշխատում էինք։ Ծանր է, չեմ էլ ուզում հիշել... Հացը վերջանում էր, բայց հլը հերթը կանգնած էր, շատ դժվար էր, շատ, չէինք իմանում` ինչ անել։ Ամբողջ գիշեր, սուտկեքով անգամ կանգնում էին հացի հերթում։ Շատ է եղել, որ ես էլչեմ կարողացել տուն հաց տանել։ Ամեն աշխատողի երկու հաց էինք տալիս, լինում էր` պետք ա դուրս գայի, մեկ էլ երեխեն գրկած կին էր գալիս, հաց ուզում, նրան էի տալիս»,– հիշում է Վիգենը։
 
Արցախում թողեցին Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղում հայրական տունը, մշակվող հողատարածքը, հացի փոքրիկ բիզնեսը, վերցրեցին հիշողությունները, ճանապարհի համար ծածկոցներ, երեխաների համար մի երկու ձեռք հագուստ և հնդկաձավար։
«Արդեն ալյուր չկար, հաց չկար։ Կինս վերցրեց ղազանն ու հում գրեչկան, ճանապարհին եփում էր, բաժանում տարբեր երեխեքի, առանց հացի ուտում էին»։
 
Հայաստան հասնելուց հետո ուղիղ Դիլիջան եկան։ 2020 թվականին էլ, երբ տեղահանվել էին, էլի Դիլիջանի հյուրանոցներից մեկում էին ապաստան գտել։ Այս անգամ հյուրանոցի տերն ինքը զանգահարեց ու առաջարկեց ուրիշ տեղ չգնալ, միանգամից իրենց մոտ գալ։ Մի քանի օր այնտեղ մնացին, հետո բնակարան վարձեցին 170 հազար դրամով։ Բնակարանում ապրում են Վիգենը, կինը և երկու երեխաները` 2-ամյա դուստրն ու 12-ամյա որդին, որն արդեն «Այբ» դպրոցում է սովորում։ Կենտրոնական բանկը սուբսիդավորում է յուրաքանչյուր դասարանից 2 արցախցի երեխայի ուսման վարձավճար։ Քննության արդյունքներով մեկը Վիգենի որդին դարձավ։
 
Հաջորդ քայլը փուռ գտնելն էր։ Տարածքի տերն առաջին ամսվա համար վարձակալության գումար չի ուզել, խոստացել է նաև թոնիր տեղադրել, որ արցախյան հացն իսկական ավանդական ձևով թխվի` թոնրի մեջ։ Արդեն նաև ժենգյալով հաց են թխում։
 

  • Կիսվել: