հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հարությունագոմերում վերաբնակեցվել է յոթ ընտանիք, սիրով կընդունենք ևս երկուսին. համայնքապետ

Հարությունագոմերում վերաբնակեցվել է յոթ ընտանիք, սիրով կընդունենք ևս երկուսին. համայնքապետ

ԱՀ Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր համայնքը 502 բնակիչ ունի. պատերազմի ավարտից հետո բոլորը գյուղ են վերադարձել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հարությունագոմերի համայնքապետ Հենրիկ Սարգսյանը:

«Գյուղում վերաբնակություն են հաստատել տեղահանված յոթ ընտանիքներ: Մեր հայրենակիցներին սիրով ևս երկու տուն կարող ենք տրամադրել: Դպրոցի շենքը նորակառույց է, հաճախում է 65 աշակերտ։ Մանկապարտեզի շենքը նույնպես նորակառույց է . ունի 22 սան: Համայնքում գործում են համայնքային կենտրոն և բուժկետ, որոնց շենքերը վերանորոգման կարիք ունեն: Հանդիսությունների սրահը վերջերս է կառուցվել, բայց դեռևս չի կահավորվել: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ: Մինչ պատերազմը գազաֆիկացման անհրաժեշտություն չէր զգացվում, սակայն վերջերս էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով բնակչությունը կարիքը զգում է։Գյուղը ջրային ցանց չունի, աղբյուրներից ենք օգտվում: Ներհամայնքային ճանապարհները գտնվում են վատթար վիճակում։ Գյուղը մայրուղուն կապող ճանապարհն ասֆալտապատված է. դեպի մայրաքաղաք տրանսպորտ է գործում»,- նշեց Հ. Սարգսյանը:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից համագյուղացիներից չորսը վիրավորվել են։

Համայնքապետի հավաստմամբ՝ բնակչության մեծամասնության զբաղվածությունն ապահովում է «Բեյզ Մեթլս» ընկերությունը։ Մարդիկ նաև այգիներն են մշակում, անասնապահությամբ զբաղվում։

  • Կիսվել: