հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հադրութցի գործարարը փորձում է իր ներդրումն ունենալ Արցախի տնտեսության վերականգնման գործում

Հադրութցի գործարարը փորձում է իր ներդրումն ունենալ Արցախի տնտեսության վերականգնման գործում

Հադրութից տեղահանված երիտասարդ գործարար Կարեն Կարապետյանը փորձում է ուրույն ներդրում ունենալ Արցախի տնտեսության վերակառուցման գործում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Կարեն Կարապետյանի հետ:
 
«Բիզնես-նախաձեռնության գաղափար վաղուց ունեի, սակայն այլ ոլորտում։ Ունենալով մեծ հետաքրքրություն և հմտություններ IT ոլորտում՝ միտք ծագեց ուժերս փորձել այդ ուղղությամբ։ Գաղափարս, անկասկած, կյանքի կկոչվեր, եթե վրա չհասներ չարաբաստիկ պատերազմը: Պատերազմ, որը փոխեց ամեն ինչ ու ամենքիս, փոխվեցին կյանքի հունը, պատկերացումները ապագայի վերաբերյալ և նպատակները: Պատերազմից հետո բոլորիս մոտ մի նպատակ կար՝ անել հնարավորը վիրավոր Արցախն և արցախցուն ոտքի կանգնեցնելու համար։ Հենց այդ ժամանակ էլ ես ու ընկերս՝ Հրայրը, որոշեցինք մեր ուրույն ներդրումն ունենալ Արցախի վերականգնման գործում: Դեռ պատերազմի ընթացքում, երբ Հրայրը մասնակցում էր խաղաղ բնակչության տարհանման կազմակերպմանը՝ պարբերաբար այցելելով Ստեփանակերտ, հասցրեց նկատել մայրաքաղաքի հմայքն ու գեղեցկությունը, արցախցու անկոտրում կամքն ու տոկունությունը և հստակ որոշեց ջանք ու եռանդ չխնայել պատերազմից հետո Արցախը վերականգնելու հարցում: Պատերազմից անմիջապես հետո սկսեցինք մտածել՝ ինչպե՞ս կարող ենք մեր ավանդն ունենալ վիրավոր Արցախի տնտեսության վերակառուցման գործում: Չէ՞ որ հզոր պետության գրավականը զարգացած տնտեսությունն է, իսկ տնտեսության զարգացման գործում կարևոր դեր է խաղում մարդկային գործոնը: Եթե ցանկանում ենք զարկ տալ տնտեսությանը, ապա մարդկանց համար պետք է ապահովել հաճելի միջավայր՝ ստեղծագործելու և արարելու համար: Անցանք այդպիսի գաղափարի իրագործմանը։ Վերցրեցինք Coffee to Go ուղղությունը և փորձում ենք Արցախում ստանալ միջազգային ստանդարտներին համապատասխան, դրական էմոցիաներով լի և մարդկանց տրամադրության և կյանքի որակի վրա թեկուզ փոքր, բայց դրական ազդեցություն ունեցող բիզնես։ Արդյունքում, մենք ունենք մեր առաջին սրճարանը Ստեփանակերտում»,- ասաց Կ. Կարապետյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ ծրագրի իրագործման ճանապարհին դժվարություններ կային, բայց պետք էր անպայման հասնել նպատակին:
 Բնութագրությունը հասանալի չէ
 «Իհարկե, դժվարություններ եղել են։ Սկսած՝ բիզնեսի նպատակահարմար տեղանքի ընտրությունից ու դրա շուրջ ծավալված բազմակողմանի բանակցություններից , մինչև մատակարարների հետ հարաբերությունների ստեղծում ու աշխատակիցների ներգրավում։ Սակայն, մենք այդ ամենը համարում ենք հերթական դժվարություններ, բայց ոչ՝ խոչընդոտներ»,- հավելեց նա:
 
Կ. Կարապետյանի հավաստմամբ՝ հասարակությանը գոհացնելու համար անհրաժեշտ է ապահովել ինչպես արտադրանքի որակը, այնպես էլ՝ արտաքին տեսքը:
 
 «Մեզ համար կարևոր է մեր արտադրանքի որակը, նույնքան կարևոր է նաև դրա արտաքին տեսքն ու շրջապատող էներգիան։ Շատ ենք կարևորում  նաև մեր գործունեության հասցեների առանձնահատուկ, գեղեցիկ արտաքին տեսքն ու աշխատակիցների հյուրընկալության մոդելը։ Այդ  մասին կարող է վկայել Ստեփանակերտի մեր առաջին մասնաճյուղի հարակից տարածքի գեղեցկությունն ու կոկիկությունը»,- ընդգծեց նա:
 
«Մենք փորձում ենք զարգացնել Coffee to Go ոլորտը, և հետևաբար մեր բոլոր ըմպելիքները մատուցվում են Take Away բաժակներով։ Մեր արտադրանքի հիմնական բաղադրիչը Էսպրեսսոյի հիմքով ըմպելիքներն են,որը ստանում ենք ինքնատիպ սուրճերի խառնուրդից։
 Բնութագրությունը հասանալի չէ
Այս պահին առկա է 3 խառնուրդ, որոնք տարբերվում են մեկը մյուսից: Ունենք՝ արտահայտիչ բույրով, դառնահամ ՝ սթափեցնող էֆեկտով, թույլ բովվածությամբ, մի քանի տեսակի պրեմիում դասի սուրճերի խառնուրդով և վանիլի ու ընկույզի համ ու հաճելի դառնություն պարունակող սուրճեր ։ Մեր արտադրատեսակները վաճառվում են ինչպես բաժակներով՝ տեղում համտեսելու համար, այնպես էլ՝ 200, 500 և 1000 գրամանոց փաթեթներով։
 
Հաճախորդները The Coff -իում կարող են վայելել նաև անուշաբույր կարկանդակներ, զովացուցիչ լիմոնադներ և թարմ մրգերից պատրաստված smoothie-ներ»,-նշեց Կարեն Կարապետյանը։
 
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: