կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզպետը հանձնարարել է Արցախի երեխաներին և զինծառայողներին նվերներ տրամադրել

Գեղարքունիքի մարզպետը հանձնարարել է Արցախի երեխաներին և զինծառայողներին նվերներ տրամադրել

Դեկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեցի հերթական և տարեվերջյան աշխատանքային խորհրդակցությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը․

«Մինչև օրակարգային հարցերին անդրադառնալը` խոսեցինք ձմեռային ժամանակահատվածում մարզի ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհներին իրականացվող մաքրման և մշակման աշխատանքների մասին։ Համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչներին հանձնարարեցի՝ հետևողական աշխատանք տանել սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքներում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ, որպեսզի խնդիր չստեղծվի ճանապարհատրանսպորտային երթևեկության համար։

Այնուհետև զեկուցվեց Գեղարքունիքի մարզում 2023 թվականից 2024 թվական տեղափոխվող սուբվենցիոն ծրագրերի, շինարարություն իրականացնող ընկերությունների կողմից ավարտին հասցված սուբվենցիոն ծրագրերի վճարումների, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի մասով համայնքներից ներկայացված հայտերի, դրանց ընթացքի մասին, որից հետո անդրադարձա մարզում իրականացվող հրատապ ծրագրերի ընթացքին։

Զեկուցվեց, որ որոշ հրատապ ծրագրերը, ինչպես որ նախատեսված էր, մինչև տարեվերջ կավարտվեն։ Հանձնարարարեցի՝ բոլոր ուղղություններով աշխատանք տանել, որպեսզի մյուս հրատապ ծրագրերը ևս ավարտին հասցվեն սահմանված ժամկետներում։

Խորհրդակցության ընթացքում զեկուցվեց նաև մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին, ըստ որի՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ այդ ցուցանիշը մարզում հասնում է 100,7 տոկոսի։

Քննարկեցինք նաև մարզի կրթության և առողջապահության ոլորտներում իրականացվող ծրագրերին և ֆինանսական գործառույթներին վերաբերող հարցեր։

Հանձնարարեցի՝ նախապատրաստական աշխատանք տանել՝ արցախցի երեխաներին և սահմանին կանգնած զինծառայողներին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից տարեմուտի առթիվ նվերներ տրամադրելու ուղղությամբ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր, ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ»,- գրել է մարզպետը։ 

  • Կիսվել: