կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե արցախցիները դառնան ՀՀ քաղաքացի, կշարունակե՞ն օգտվել 6-ամսյա աջակցության ծրագրից. Պարզաբանում է Արմեն Ղազարյան

Եթե արցախցիները դառնան ՀՀ քաղաքացի, կշարունակե՞ն օգտվել 6-ամսյա աջակցության ծրագրից. Պարզաբանում է Արմեն Ղազարյան

Մենք ունենք ծառայություն, որ Ռուսաստան մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիները մեզ դիմում են, եւ մենք այդ արգելքի վերանայման խնդրանքով դիմումները հավաքագրում ենք եւ փոխանցում ՌԴ ՆԳՆ միգրացիայի գլխավոր վարչություն. Որոշ դեպքերում վերանայվում են, որոշ դեպքերում՝ ոչ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ  Արմեն Ղազարյանը։

Նա չկարողացավ պատասխանել, թե քանի արցախցի է հեռացել Հայաստանից եւ քանիսն են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

Հարցին, թե եթե արցախցիները դառնան ՀՀ քաղաքացի, կշարունակե՞ն օգտվել 6-ամսյա աջակցության ծրագրից, Արմեն Ղազարյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր պարագայում սոցիալական աջակցության ծրագիրը կառավարությունը սահմանում է շահառուների շրջանակը: Եթե կառավարությունը տվյալ շրջանակի շրջանակում սահմանի, որ անկախ այն հանգամանքից՝ անձը քաղաքացիություն ստացել է, թե ոչ, նա բռնի  տեղահանման փաստով կարող է օգտվել տվյալ սոցիալական ծրագրից, ապա  անշուշտ կօգտվի: Այս պահին կառավարության որոշման մեջ նշված է զուտ բռնի տեղահանության փաստի հիման վրա, իրավական կարգավիճակի մասով առանձնացում իրականացված չէ»:

Նա նաեւ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալուց հետո, կարող են նաև դիմել միջազգային մարմիններին՝ գույքի դիմաց փոխհատուցում ստանալու և իրենց տներ վերադառնալու համար։ «Ձեր նշած իրավունքները անձի հետ անխզելիորեն կապված իրավունքներ են եւ կապված չեն իրավական կարգավիճակի հետ, տեղի ունեցած իրադարձությունների հետ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ իրավական կարգավիճակում է անձը»,- ընդգծեց Արմեն Ղազարյանը:

  • Կիսվել: