չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ես լուրջ տարաձայնություններ ունեմ իշխանությունների հետ, բայց դա էսօր ամենակարևոր հարցը չէ․ Արկադի Ղուկասյան. «Հրապարակ»

Ես լուրջ տարաձայնություններ ունեմ իշխանությունների հետ, բայց դա էսօր ամենակարևոր հարցը չէ․ Արկադի Ղուկասյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը` սեպտեմբերի 2-ը, Արցախում նշվեց բավականին անշուք՝ մի տեսակ վախվորած ու զգուշավոր։ Հրապարակային միջոցառումներ չեղան, միայն ԱԺ-ն հանդիսավոր համատեղ նիստ արեց ՀՀ ԱԺ խորհրդարանականների մասնակցությամբ։

Օրվա թեմայով զրուցել ենք Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, որը մասնակցում էր Ստեփանակերտում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի բացման արարողությանը:

- Պարոն Ղուկասյան, այսօր Արցախի Հանրապետության օրը մենք, ցավալիորեն, նշում ենք վիրավոր ու բզկտված Արցախում: Դուք ի՞նչ խոսք ունեք ասելու օրվա կապակցությամբ:

- Մենք պարտավոր ենք ապրել եւ հաղթահարել: Ես ցանկանում եմ մեր ժողովրդին համբերություն եւ ուժ: Վստահ եմ` մենք կգտնենք այդ ուժը, մենք իրավունք չունենք հիասթափվելու: Իհարկե, հիմա մի քիչ այլ իրավիճակ է, մենք լիովին խոցված ենք, բայց ես վստահ եմ` մենք այդ ուժը կգտնենք:

- Ինչպե՞ս պետք է այդ ուժը գտնենք, խոսվում է միասնականության մասին, բայց մենք տեսանք, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն Արցախ չի այցելել եւ այսօր այստեղ արցախցիների կողքին չէ:

- Գիտե՞ք, մի բան է` խոսել միասնականությունից, լոզունգներ ասել, մի բան է` իրականացնել: Քանի մենք լոզունգներ ենք ասում, մենք դատապարտված ենք: Բայց ես վստահ եմ, որ մենք մեր մեջ ուժ կգտնենք, որ մոռանանք բոլոր տարաձայնությունները եւ կենտրոնանանք այն խնդիրների վրա, որոնք այսօր ծառացած են մեր առջեւ:

- Այսօր Արցախի հարցում առաջնային խնդիրն Արցախի անկախության ճանաչման եւ արցախցիների ինքնորոշման հարցն է: Ի՞նչ եք կարծում, այսօր հնարավո՞ր է գործընթացներն այնպես տանել, որ այդ հարցը համահայկական օրակարգում դարձյալ մղվի առաջին պլան:

- Եթե հիմարություններ չանենք, ապուշություններ չանենք, եթե խելացի քաղաքականություն վարենք, ես ենթադրում եմ, որ մենք ի վիճակի ենք լուծել այդ խնդիրը: Բայց, նորից եմ կրկնում, մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք, որպեսզի վերականգնենք մեր բարոյահոգեբանական այն իրավիճակը, որ մեզ հնարավորություն կտա հասնել մեր նպատակին:

- Ըստ Ձեզ` Հայաստանի եւ Արցախի գործող իշխանությունների գոյությամբ եւ մասնակցությամբ հնարավո՞ր է հասնել Արցախի ճանաչմանը կամ հետ բերել մեր կորցրածը:

- Տեսեք, ես լուրջ տարաձայնություններ ունեմ իշխանությունների հետ, բայց ընդունում եմ, որ դա էսօր ամենակարեւոր հարցը չէ: Ամենակարեւորն այն է, որ ես տեսնեմ` բոլորն իրենց ուժերը կենտրոնացնում են մեր հայրենիքի ամենակարեւոր խնդիրների վրա:

- Իսկ Դուք դա տեսնո՞ւմ եք, թե՞ դեռ չեն երեւում նշույլներ:

- Ինձ թվում է` քիչ բան է դա նշանակում` տեսնել կամ չտեսնել: Իշխանություններն էսօր կան, վաղը չկան: Դա վերաբերում է ցանկացած իշխանության: Կարեւորը` մենք իրականության մեջ տեսնենք այդ միասնությունը:

- Նախկինում, երբ Ալիեւը տարածքային նկրտումներ էր ցուցաբերում Արցախի կամ Հայաստանի նկատմամբ, թե՛ Արցախի, թե Հայաստանի իշխանությունների կողմից շատ կոշտ արձագանք էր լինում, եւ անմիջապես լռեցնում էին Ալիեւին: Իսկ հիմա Ալիեւը ոչ միայն Արցախն է իրենը համարում, այլեւ արդեն Հայաստանի վրա է ֆիզիկապես եւ խոսքով հարձակվում, եւ նրան ոչ մի արձագանք:

- Ձեր այդ հարցն ուղղեք իշխանություններին. ես համամիտ եմ:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ չեն արձագանքում, վախեցա՞ծ են Ալիեւից:

- Չեմ կարող ասել: Ես համարում եմ, որ դա անհասկանալի է:

- Ի դեպ, Ալիեւը հայտարարել էր, որ արգելում է Հայաստանի իշխանություններին այցելել Արցախ: Գուցե դա՞ է պատճառը, որ Հայաստանի իշխանությունները չէին եկել Արցախ:

- Ես չգիտեմ, ես այդպիսի ինֆորմացիա չունեմ: Եթե Ալիեւն է թույլ տալիս, ուրեմն ձեզ էլ պիտի թույլ չտային: Ալիեւի ասածները չպիտի մեզ համար նշանակություն ունենան: Էսօր մենք էն վիճակում չենք, որ կարողանանք ինքնուրույն մեր հարցերը լուծել: Բայց եթե մենք` ինքներս, չենք պայքարում, ոչ մեկը մեզ չի օգնելու:

- Ի դեպ, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ հիմա նաեւ Ալիեւը հայտարարում են, որ Արցախում ներդրումներ չեն արվել, Փաշինյանն ասում էր, թե Շուշին դժբախտ եւ դժգույն քաղաք էր: Չե՞ն արվել ներդրումներ Արցախում, իսկապե՞ս ոչ մի բան չի կառուցվել:

- Դուք ո՞նց եք պատկերացնում, ո՞նց կարող էին ներդրումներ չլինել: Հիմա ամեն մեկը դատում է իր տեսակետից, ես չեմ կարող դատավոր լինել եւ գնահատական տալ: Հիմա, մարդու կարծիք է, ինքն այդպես է մտածում, իր պրոբլեմն է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: