ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանում մեկնարկել է «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թվականի Արցախյան պատերազմում» խորագրով գիտաժողով. Արցախից բժիշկները մասնակցել են առցանց

Երևանում մեկնարկել է «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թվականի Արցախյան պատերազմում» խորագրով գիտաժողով. Արցախից բժիշկները մասնակցել են առցանց

«Հայկական բժշկական ալյանս»-ի նախաձեռնությամբ Երևանում այսօր՝ մայիսի 21-ին, մեկնարկել է «Բժշկական փորձի ամփոփումը 2020թ. Արցախյան պատերազմում" խորագրով եռօրյա գիտաժողովը, որին Արցախի բուժհաստատությունների ներկայացուցիչները մասնակցել են առցանց։

Եռօրա գիտաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու բուժծառայության կազմակերպման առանձնահատկություններին մարտական գործողությունների ժամանակ, վիրավորների կենտրոնացված տարհանմանն ըստ ծանրութան աստիճանի, հոսպիտալում վիրավորների տեսակավորմանը մասսայական մարդկային կորուստների ընթացքում, պատերազմական վերքերի ինֆեկցիոն բարդությունների կանխարգելմանը, ակնաբուժությանը, պլաստիկ վերականգնողական վիրաբուժությանը, վնասվածքաբանությանը և օրթոպեդիային, այրվածքներին, աբդոմինալ վիրաբուժությանը, թորակալ, ինչպես նաև անոթային, պոլիտրավմայի դիմածնոտային խնդիրներին, նեյրովնասվածքներին, նյարդաբանությանը, հոգեկան առողջությանը, ռադիոլոգիային։

Բնութագրությունը հասանալի չէ

Գիտաժողովին Երևանում իր անմիջական մասնակցությունն է ունեցել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

Նա իր խոսքում նշել է, որ Արցախը, Մայր Հայաստանը և հայն իր պատմության մեջ շատ պատերազմներ է տեսել, որոնց ընթացքում մարտի դաշտը մշտապես կիսել են առողջապահական համակարգի ներկայացուցիչները՝ նվիրյալ ռազմաբժիշկները։

«Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ առողջապահական համակարգի աշխատանքներին ներգրավված բոլոր մասնագետներն ու օժանդակող անձնակազմի բոլոր անդամները կատարել են բարդ աշխատանք։ Այդ ծանր օրերը մեզ ստիպեցին վերստին գիտակցել, որ մենք երբեք չունեինք զգոնությունը թուլացնելու կամ գիտակցությունը կորցնելու իրավունք։ Մենք ունենք եռօրյա միջացառումների բավականին խիտ օրակարգ, որի ընթացքում ներկայացված զեկույցները, մտքերն ու գաղափարները կարող են մինչև անգամ ծառայացվել որպես առողջապահական այս կամ ան ոլորտի զարգացման հիմնաքարային նշանակություն ունեցող ուղեցույց»- մասնավորապես ասել է նախարարը։

«Արցախպրես»-ի՝ գիտաժողովին առցանց հետևող թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի գործադիր տնօրեն Լիլիթ Նազարյանն ասել է, որ Արցախյան երրորդ պատերազմի առաջին իսկ օրվանից իրենց կոլեկտիվի 25 անդամներ, այդ թվում՝ 3 բժիշկ, վարորդներ և բուժքույրեր, եղել են անմիջական մասնակիցը 44֊օրյա մղձավանջի։

Բնութագրությունը հասանալի չէ

«Չնայած ծանր օրեր ենք ունեցել պատերազմի օրերին, բայց կարողացել ենք պատվով կրել բժշկի անունը և րոպե առաջ վիրավորներին տեղ հասցնել։ Մենք կարողացել ենք սպասարկել Արցախի բոլոր շրջանները։ Դեղորայքի պակաս չունեինք, նույնիսկ այլ հիվանդանոցների ենք տրամադրել մեր ունեցածից։ Գիշեր ցերեկ աշխատում էինք առանց հանգստի։ Փորձում էինք մեզնից կախվածն անել բարձր մակարդակով։ Ես շնորհակալ եմ իմ կոլեկտիվի բոլոր անդամներին, ովքեր պատերազմի 44 օրերի ընթացքում օգնել են բոլոր-բոլորին»- մասնավորապես ասել է Լ․ Նազարյանը։

Գիտաժողովի մասնակից, «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանի խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հիվանդանոցը ստիպված էր անցնել էքստրիմալ պայմանների։ Ըստ տնօրենի՝ պատերազմի առաջին օրը բուժմիավորումն ընդունել է 3 երեխաների, ովքեր ծանր վիրավորում էին ստացել Մարտունիում և Գետավանում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր հիվանդանոցը ծառայել է որպես ռազմական հոսպիտալ, և փորձում էինք հանրապետական բժշկական կենտրոնի հիվանդների մի մասը տեղափոխել՝ այդ կերպ ջանալով թեթևացնել նրանց աշխատանքները։ Մեզ մոտ հիմնականում տեղափոխում էին կյանքին անմիջական վտանգ չսպառնացող հիվանդներին, որոնց համար հատկացվել էր նեյրովիրաբուժական բրիգադ, և կատարում էինք վիրահատություններ։ Աշխատանքը չնայած ծանր ու դժվար էր, բայց, շնորհիվ մեր անձնակազմի և Երևանից մեզ օգնության եկած մոտ մեկ տասնյակ բժիշկների, կարողացանք քիչ թե շատ մեր առջև դրված խնդիրը կատարել։ Դեղորայքն անընդհատ թարմացվում էր՝ հատկապես պահանջված էին թմրեցնող միջոցները, որոնցով ցավազրկում էինք հիվանդներին։ Սարքավորումների առումով՝ մեր ունեցածով կարողացել ենք խնդիրը կատարել։ «ՎԻՎԱ» բարեգործական կազմակերպության կողմից հիվանդանոցը ստացել է երկու մոնիտոր և մեկ շնչական ապարատ»,- մասնավորապես ավելացրել է Կ․ Մելքումյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Ստեփանակերտի հոսպիտալի պետի տեղակալ, պոլիկլինիկայի պետ, բուժծառայության մայոր Նորայր Աբրահամյանը,ով ևս առցանց մասնակցում էր գիտաժողովին, մեզ հետ զրույցում ասել է, որ խմբային աշխատանքի շնորհիվ ծայրահեղ ծանր վճակում հոսպիտալ բերված հիվանդները համեմատաբար բարելավված վիճակով են տեղափոխվել այլ բուժհիմնարկ․ մահացության դեպքեր գրեթե չկային։«Պատրաստակամ էինք բոլորս, սրտացավ ։ Եվ փորձում էինք անել ամեն ինչ և րոպե առաջ օգնության հասնել հիվանդներին։ Մեզ մոտ էին տեղափոխում հիմնականում բեկորային վնասվածքով մարտիկների, իսկ գնդակային վիրավորումներ պատերազմի վերջին օրերին էին լինում։Ամենածանր դեպքերը բազմաբեկորային վնասվածքներն եմ համարում, բայց կարողացել ենք հիվանդների վիճակը կայունացնել»,֊- մասնավորապես ավելացրել է Ն.Աբրահամյանը։

  • Կիսվել: