ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանից ժամանած սրտաբանը Ստեփանակերտում անվճար խորհրդատվություն և հետազոտություն է անցկացնում

Երևանից ժամանած սրտաբանը Ստեփանակերտում անվճար խորհրդատվություն և հետազոտություն է անցկացնում

Երևանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբանության բաժանմունքի սրտաբան Աշխեն Մաղաքելյանը անվճար խորհրդատվություն և հետազոտություն է անցկացնում Արցախում:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  բժշկուհին նշեց, որ  միշտ նպատակ է ունեցել իր հայրենի Արցախում մասնագիտական գործունեություն ծավալելու. արդեն մոտ 3 շաբաթ է՝ այստեղ է և անվճար խորհրդատվություն և հետազոտություններ  կիրականացնի մինչև օգոստոսի 14֊ը։
 
«Հայ օգնության ֆոնդի և ԱՀ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող «Արցախը մեզ է սպասում» ծրագրի շրջանակներում Արցախում եմ, որպեսզի  մի փոքր լումա ներդնեմ Արցախի առողջապահության համակարգում: Ցավոք սրտի, հետպատերազմյան իրավիճակն իր հետքն է թողել, և հիվանդների շատ մեծ դիմելիություն կա Արցախում: Հիմնականում նրանց մոտ հետկրծոսկրային շրջանի դիսկոմֆորտի, ցավի զգացում է նկատվում,  երկրորդ տեղում զարկերակային հիպերտենզիան է, որը ինչպես ամբողջ աշխարհում, մեզ մոտ նույնպես շատ տարածված է և հետագայում կարող է սիրտ-անոթային և կենտրոնական նյարդային համակարգի բարդություններ առաջացնել։ Դրա համար անհրաժեշտ է աչալուրջ լինել և ժամանակին կանխարգելել:  Այս ընթացքում  200-220 արցախցու արդեն հետազոտել ենք, իսկ օրական դիմում  է 25-30 քաղաքացի», - նշեց Ա. Մաղաքելյանը:
 
Սրտաբանը հորդորում է ազգաբնակչությանը սիրտ-անոթային հիվանդությունների որևէ ախտանիշ ունենալու դեպքում անպայման դիմել բժշկի հետագայում ծանր բարդությունների առաջ չկանգնելու համար:

  • Կիսվել: