կիրակի, սեպտեմբեր 27
27 / 9 / 2026
Երեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում

Երեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում

Ուղիղ երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, հազարավոր արցախցիների հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը: Նրա ձերբակալությանը հաջորդեցին Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի,  Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալությունները:

Ստորև ներկայացնում ենք այն կարևոր փաստերն ու իրադարձությունները, որոնք  տեղի են ունեցել այս ընթացքում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների գործերով:

 

2023-2024թթ.

 
  • Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների  նկատմամբ հարուցված գործերի նախաքննությունը տեղի է ունեցել  մոտ մեկ տարի չորս ամիս:
  • Դեռ  2024թ. դեկտեմբերի 16-ին  Ռուբեն Վարդանյանի պաշտպանական թիմը հայտարարեց, որ Վարդանյանի նկատմամբ շուրջ 42 հնարավոր մեղադրանք է առաջադրվել: Շինծու ապացույցները ներկայացվել էին 422 հատորով, կազմել 105,000 էջ, ամբողջը՝ ադրբեջաներենով: Դրանց ծանոթանալու համար չի ապահովվել ո՛չ պատշաճ թարգմանություն , ո՛չ էլ ժամանակ:
  • Գրեթե նույն  ծավալի և նույն բովանդակության մեղադրանքներ էին առաջադրվել մյուս տասնհինգ հայերին:
  • 2024թ. ապրիլի 5-ին Ռուբեն Վարդանյանը հացադուլ  հայտարարեց՝  միջազգային հանրության ուշադրությունն ապօրինի պահվող հայ գերիների խնդրի վրա հրավիրելու համար: Ավելի ուշ պարզվեց, որ հացադուլի ընթացքում նա ենթարկվել է խոշտանգումների: 2024թ. հունիսի 13-ին Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմըհրատապ դիմումներկայացրեց ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին՝ հայտնելով Ադրբեջանի կառավարության կողմից  նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին:
  • 2024թ. նոյեմբերին Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարեց, որ Ադրբեջանի դատախազությունը թույ չի տվել իր մուտքը Բաքու՝ այդպիսով խախտելով միջազգային իրավունքի նորմերը:
  • 2025թ. հունվարի 16-ին  Ռուբեն Վարդանյանին հաջողվեց ընտանիքի միջոցով ուղերձ փոխանցել Բաքվի բանտից՝  հայտարարելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ինքը ոչ մի ցուցմունք չի տվել, իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են, իսկ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:
  • 2025թ. հունվարի 17-ին միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունն արձագանքեց Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը՝ կոչ անելով Ադրբեջանի  իշխանություններին ապահովել արդար դատաքննության  իրավունքը:

2025թ.

  • 2025թ. հունվարի 17-ն  Բաքվի ռազմական դատարանում, ապօրինի ձերբակալումից գրեթե 1 տարի 4 ամիս անց, սկսվեց այսպես կոչված «դատավարությունը»:
  • Ռուբեն Վարդանյանի գործը քննվեց Արցախի գործիչների և  մյուս գերիների գործից առանձին:  Հենց առաջին նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանը միջնորդել էր իր գործը քննել մյուսների հետ միասնական վարույթով, սակայն դատարանը մերժել էր այդ և նրա մյուս միջնորդությունները:
  • Թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե’ մյուս 15 հայ գերիների դատավարություններն անցկացվեցին ադրբեջանական օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումներվ.  Դռնփակ լսումներին միայն ադրբեջանական պետական մեկ-երկու վերահսկվող  լրատվամիջոց էր մասնակցում: Միջազգային  բոլոր անկախ դիտորդների դիմումները՝ ներկա գտնվելու  դատավարությանը, մերժվել  կամ անտեսվել են:
  • 2025թ. փետրվարի 19-ին  Ռուբեն Վարդանյանը հայտարարեց  երկրորդ հացադուլը՝ այդ կերպ իր բողոքը հայտնելով  իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի նկատմամբ:
  •  2025թ  մարտի 3-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձինք, այդ թվում՝ էթնիկ հայերը, պետք է անհապաղ ազատ արձակվեն։
  • 2025թ. Մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջելով  նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։
  • 2025թ. հուլիսի  11 -ին փաստաբան,  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հրապարակեց փաստաթուղթ՝ Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ՝ արձանագրելով, որ «արդյունքում ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ իր անմեղությունն ապացուցելու իրատեսական որևէ հնարավորությունից»։
  • 2025թ. օգոստոսի 9 -ին Վաշինգտոնում  նախաստորագրվեց  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որը, սակայն, որևէ կետ չի պարունակում հայ գերիների ազատ արձակման մասին:  Նույն օրը Թրամփ-Փաշինյան բանակցությունների ընթացքում անդրադարձ  եղավ հայ գերիների խնդրին, և ԱՄՆ նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել նրանց ազատ արձակման գործում:
  • 2025թ. սեպտեմբերի 3-ից Ադրբեջանի իշխանությունների պահանջով Կարմիր Խաչը պաշտոնապես հայտարարեց Ադրբեջանում գործունեությունը դադարեցնելու մասին: ԿԽՄԿ-ն միակ միջազգային կազմակերպություններն էր, որը հնարավորություն ուներ այցելել Բաքվում  պահվող հայ  գերիներին:
  • 2025թ. հոկտեմբերի 21-ին Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցեց պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ:  «Ինձ այդպես էլ թույլ չտվեցին ծանոթանալ գործի նյութերին և մեղադրական եզրակացությանը: Այս անհեթեթության թատրոնում պաշտպանի դերը, անկախ նրա ցանկությունից և ջանքերից, սահմանափակվում է միայն այս գործընթացի ձևական օրինականության ապահովմամբ: Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին»:

 

 

2026թ.

 
  • 2026թ. հունվարի  14-ին հայտնի  դարձավ, որ Բաքվում պահվող չորս գերիներ՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը հանձնվել են Հայաստանին:

Նույն օրը  ՀՀ արդարադատության նախարարությունը  հայտարարեց, որ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին:

Թեև Հայաստանի իշխանությունների պնդմամբ, սիրիացի դատապարտյալների արտահանձնումը կապ չուներ հայ գերիների վերադարձի հետ, փորձագետներն ու իրավպաշտպանները միակարծիք էին,  որ տեղի է ունեցել «անհամաչափ քաղաքական գործարք», և միջազգային ահաբեկչության և պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող դատապարտված վարձկանների փոխանակումն ապօրինի պահվող հայ քաղաքացիական անձանց հետ անհամարժեք է:

 
  • 2026թ. փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը հրապարակեց Հայաստանի 15 քաղաքացիների գործով դատավճիռները. Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման՝ նրանց տարիքով պայմանավորված։  Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը, դատապարտվեցին 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Լևոն Բալայանը և Դավիթ Ալավերդյանը՝ 16, Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
  • 2026թ. փետրվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանի  կողմից Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց քսան տարվա ազատազրկման։ «Ռուբեն Վարդանյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել ոչ թե ապացուցված անհատական արարքների, այլ Արցախի/Լեռնային Ղարաբաղի ինստիտուտների հետ քաղաքական ներգրավվածության ու հանրային ծառայության համար: Ժամանակակից քրեական օրենսդրությունը, և՛ ներպետական, և՛ միջազգային, թույլ չի տալիս քրեականացնել ինքնությունը, քաղաքական պատկանելությունը կամ կառավարման հաստատությունների հետ առնչությունը՝ առանց կոնկրետ և ապացուցված հանցավոր գործողությունների»,-հայտարարեց Վարդանյանի իրավաբանական թիմը:
  • 2026թ. փետրվարի 17-ին Amnesty International-ը հայտարարեց, որ Էթնիկ հայ առաջնորդների դեմ դատավարության «ծաղրը» իր գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկմամբ:
  • 2026թ. փետրվարի 25-ին Վարդանյանի ընտանիքը հայտարարեց, որ Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել. «Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարվում պաշտպանությունից։ Սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ»։
  • 2026թ. մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձեց հրապարակային կոչով  դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվեց։ Ընտանիքը հրապարակեց  Ռուբեն Վարդանյանի  աուդիոձայնագրությունը, որը նրան թույլ չէին տվել ավարտել։
  • 2026թ. ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ  Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո գտնվող քննչական մեկուսարանից  տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանում գտնվող  Ումբակի բանտային համալիր: Այս հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ:
  •  2026թ. ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանն  ընդունեցբանաձև, որով  ևս մեկ անգամ դատապարտում  էր Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորված անձանց և պատանդների անարդար կալանավորումը, պահանջում  նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում։
  • 2026թ. մայիսի  19-ին Իրավաբանների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists) հրապարակեց Ադրբեջանում արդարադատության համակարգի խնդիրների վերաբերյալ զեկույց՝ «Արդարադատությունը ճնշման ներքո․ փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը Ադրբեջանում»թեմայով՝ Բաքվում հայերի դատավարությունները համարելով մարդու իրավունքների միջազգային իրավունքի չափանիշներին չհամապասխանող։
  • 2026թ. մայիսի 26-ին Բաքվի վերաքննիչ դատարանն սկսեց  և օգոստոսի  6-ին ավարտեց 15 հայերի  գործով  վերաքննիչ բողոքի քննությունը: Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Բաքվի ռազմական դատարանի՝ նրանց նկատմամբ կայացված դատավճիռները։ Բաքվի բանտից Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը  հայտարարեց, որ դատավճիռը վաղուց կանխորոշված էր․ պաշտպանական կողմի հիմնական նպատակը գործը միջազգային իրավական ատյաններ հասցնելն է։
  • 2026թ. հուլիսի 19-ին  իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ  Սիրանուշ Սահակյանը հայտարարեց, որ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
  • 2026 թ․ օգոստոսի 21-ին Սիրանուշ Սահակյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրեց նաև խմբային գանգատ՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, գեներալ-մայոր և նախկին ավագ զինվորական հրամանատար Դավիթ Մանուկյանի, գեներալ-լեյտենանտ, Պաշտպանության բանակի նախկին նախարար Լևոն Մնացականյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Լևոն Բալայանի, Դավիթ Ալլահվերդյանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Գուրգեն Ստեփանյանի և Մելիքսեթ Փաշայանի վերաբերյալ։
  • 2026 թ. սեպտեմբերի 4-ին Սիրանուշ Սահակյանը հայտարարեց, որ  Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության ու դատավճռի անգլերեն թարգմանություններն առաջին անգամ ամբողջությամբ հրապարակվել  են և հասանելի են Free Armenian Prisoners կայքում: Նա կոչ արեց իրավաբանների մասնագիտական համայնքին գործը դարձնել ակադեմիական ուսումնասիրության և մասնագիտական քննարկման առարկա ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
 

Ներկայումս Բաքվում ապօրինի պահվում է 20 հայ: Նրանցից 17-ը, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ձերբակալվել են 2023 թվականին: Ալյոշա Խոսրովյանը և Լյուդվիգ Մկրտչյանն այնտեղ պահվում են 2020 թվականից:  Վերջինը Կարեն Ավանեսյանն էր: Նա  Ստեփանակերտում մնացած մի քանի հայերից էր,  որը  ձերբակալվել է  2025 թվականի սեպտեմբերի 14-ին և  դատապարտվել  16 տարի ազատազրկման։

Հայ գերիները պահվում են  լիակատար մեկուսացման մեջ: Կալանավորումից ի վեր հարազատների հետ ոչ մի տեսակցություն տեղի չի ունեցել։ Վերջին անգամ ԿԽՄԿ Ժնևյան գրասենյակի ներկայացուցիչները նրանց այցելել են 2025 թվականի դեկտեմբերին:

 

Free Armenian Prisoners թիմ

  • Կիսվել: