հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԵԱՀԿ-ում ԵՄ պատվիրակությունը Ադրբեջանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ԵԱՀԿ-ում ԵՄ պատվիրակությունը Ադրբեջանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ԵԱՀԿ-ում Եվրամիության պատվիրակությունն արձագանքել է ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթին։

«2023 թվականի հունվարին Վիեննա կատարած Ձեր վերջին այցից ի վեր մենք ականատես ենք եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և արդյունավետ բանակցությունների՝ շնորհիվ Եվրոպական միության ակտիվ մասնակցության և ԱՄՆ լրացուցիչ ջանքերի՝ չնայած վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղում լարվածության տագնապալի աճին»,- նշված է հայտարարության մեջ։

ԵՄ մշտական ներկայացուցիչը, անդրադառնալով նախորդ շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած բանակցություններին, հիշեցրել է․ «ԵՄ-ն ակնկալում է, որ ադրբեջանական կողմը կոնկրետ քայլեր կձեռնարկի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների և անվտանգության հստակ երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ: Բոլոր չլուծված հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ առանց ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման»։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով ապրանքների և մարդկանց տեղաշարժը՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի և հուլիսի վճիռների, ինչպես նաև վերականգնել էներգակիրների մատակարարումը՝ առանց սահմանափակումների։

«ԵՄ-ն անհանգստացած է հումանիտար հետևանքներով, որոնք առաջանում են պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների պակասի հետևանքով: Ադրբեջանի իշխանությունների կողմից ԿԽՄԿ-ին տարածաշրջան մուտք ու ելքի արգելքը մտահոգիչ է։ Ներկա իրավիճակն անկայուն է և ստեղծում է լարվածություն, որը հակասում է վստահության ամրապնդման այդքան անհրաժեշտ ջանքերին»,- ասված է ԵԱՀԿ ներկայացուցչության հայտարարության մեջ:

ԵՄ-ն նաև հիշեցնում է Հայաստանում ԵՄ առաքելության կարևորությունը, որի նպատակն է աջակցել կարգավորման ջանքերին նպաստավոր պայմանների ապահովմանը:

«Ցանկանում ենք վերահաստատել մեր վճռական սատարումը կայուն, ժողովրդավարական, ինքնիշխան և բարգավաճ Հայաստանին: Մենք ողջունում ենք Հայաստանի անփոփոխ հանձնառությունը՝ մեր ընդհանուր արժեքներին համահունչ բարեփոխումներին՝ չնայած տարածաշրջանում անվտանգության բարդ իրավիճակին: Շարունակելու ենք համատեղ աշխատանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, այդ թվում՝ խոսքի և լրատվամիջոցների ազատության ամրապնդման ուղղությամբ»,- նշել էն ԵՄ-ում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու աջակցությունը Հայաստանին համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում:

Նաև վերահաստատվել է շարունակական աջակցությունը Հայաստանին, նրա քաղաքացիներին և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ վստահության և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման բոլոր ջանքերում։

  • Կիսվել: