կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դատախազը պահանջեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման

Դատախազը պահանջեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման

Բաքվի զինվորական դատարանում ընթացող վարույթում դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով և միջնորդեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։

Ընդ որում, մեղադրողը շեշտեց, որ Խաչատրյանը պետք է դատապարտվեր ամենախիստ՝ ցմահ ազատազրկման, սակայն Ադրբեջանի օրենսդրությունը արգելում է այդ պատժաչափը կիրառել 65 տարեկանից բարձր անձանց նկատմամբ։ Խաչատրյանը 68 տարեկան է։ Դատախազն իր ելույթում նշեց, որ Խաչատրյանն իր պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Դատախազն իր ելույթում պահանջել է, որ Վագիֆ Խաչատրյանը  պատիժը կրելուց հետո վտարվի Ադրբեջանից։
 

Առաջիկայում սպասվում է վերջնական դատավճիռը։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։

Վագիֆ Խաչատրյանը Բաքվից նամակ էր ուղարկել ընտանիքին, գրել էր՝ «ձեր մասին եմ մտածում, դեռ ողջ եմ, լավ մնացեք»։

  • Կիսվել: