երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դասական արտիստների մասնակցությամբ առցանց հարթակում Արցախի խաղաղության փառատոն կանցկացվի

Դասական արտիստների մասնակցությամբ առցանց հարթակում Արցախի խաղաղության փառատոն կանցկացվի

Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող մի խումբ դասական երաժիշտներ, փորձելով իրենց աջակցությունը հայտնել շրջափակված Արցախին, առցանց հարթակում կանցկացնեն «Արցախի խաղաղության փառատոն»-ը (Artsakh Peace Festival):

Նախաձեռնությանը, որի մասին տեղեկությունը հրապարակվել է փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում, միացել են սոպրանո Ռուզան Մանթաշյանը,  բարիտոն Նավասարդ Հակոբյանը, օպերային երգիչներ Ակսել Դավեյանը,  Գուրգեն Բավեյանը, օպերային երգչուհի Լիաննա Հարությունյանը և այլք:

Փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակվել է մանիֆեստ՝ հանուն Արցախի:

«Մենք` աշխարհի տարբեր բեմերում հանդես եկող երաժիշտներս, այսօր մեր ձայնն ենք բարձրացնում ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ժողովրդի, որը կանգնած է աննախադեպ հումանիտար ճգնաժամի առաջ։ Ութ ամիս շարունակ 120 հազար մարդ համատարած շրջափակման մեջ է՝ իրական ցեղասպանության սպառնալիքի ներքո։

Արցախի բնակիչները 3 տարի առաջ բախվեցին ավերիչ պատերազմին՝ պատերազմ, որտեղ հազարավոր մարդիկ զոհվեցին, իսկ տասնյակ հազարները ստիպված եղան լքել իրենց տները՝ հարկադրաբար հեռանալով իրենց նախնիների հազարամյա գյուղերից ու քաղաքներից:

Արցախի մնացած հատվածն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ։ Արցախն այսօր, ասես պաշարված ամրոց, դիմակայում է ծանրագույն դժվարությունների, սակայն մարդիկ չեն ցանկանում լքել իրենց պապերի երկիրը։ Պաշարումը մարդկանց զրկել է բոլոր իրավունքներից և ազատություններից, տեղաշարժման հնարավորությունից, սննդի և դեղորայքի մատակարարումից, վառելիքից և խաղաղ, արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ մնացյալ ամեն ինչից։ Փոխարենը՝ արցախցին ամենօրյա սպառնալիքներ է ստանում Ադրբեջանից, որը կրակում է անգամ գյուղտեխնիկայի վրա՝ գյուղացուն թույլ չտալով մշակել սեփական հողը։

Մենք՝ երաժիշտներս, որ մեր կյանքը նվիրել ենք ամենաբարձր ու գեղեցիկ արվեստին, այսօր ցանկանում ենք Արցախի մեր հանդիսատեսի հետ կիսել մեր լավագույն զգացմունքները և կարևորագույն մտքերը: Մենք ուզում ենք նվագել ու երգել արցախցիների համար, որպեսզի նրանց վերադարձնենք ՀՈՒՅՍԸ։

Մենք` երաժիշտներս, այսօր նույնպես զրկված ենք Արցախի մեր հանդիսատեսի համար ելույթ ունենալու հնարավորությունից։

Այդ պատճառով մենք հայտարարում ենք Արցախի խաղաղության փառատոնի մեկնարկը՝ վիրտուալ փառատոնի, որը կոչված է երաժշտության միջոցով պատմելու պաշարված ժողովրդի մասին, կոտրելու լռության պատը, մեր ձայնը դարձնելու Արցախի ձայնը: Ինչպես բոլորովին վերջերս, երբ մարդիկ իրարից բաժանված էին կովիդի պատնեշով, այսօր էլ՝ այս բաց աշխարհում, մենք ստիպված ենք Արցախի մեր հանդիսատեսի համար ելույթ ունենալ՝ օգտագործելով ինտերնետային միջոցները։

Մեր սիրելի' հանդիսատես,

մենք երկար տարիներ լցրել ենք ձեր սրտերը գեղեցիկ մեղեդիներով և ներդաշնակությամբ։

Այժմ էլ, ահա, խնդրում ենք, որ դուք բաց պահեք ձեր ականջներն ու սրտերը պաշարված արցախցիների ձայնի համար։ Մեզ հե՛տ եղեք այս ծայրահեղ պահին, եկե՛ք միասին ավելի բարձր հնչեցնենք Արցախի ժողովրդի ձայնը։

Թույլ չտա՛նք, որ տեղի ունենա վատագույնը:

Օգնե՛ք բացել Կյանքի ճանապարհը:

Տարածե՛ք այս մանիֆեստը։

Եկեք արժանի՛ լինենք երաժշտության՝ մեզ շնորհված բարձր առաքելությանը»:

  • Կիսվել: