երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ցավոք, հայաստանյան գործընթացներն Արցախում քաղաքական շահարկումների դաշտ են բացել. Ղուլյան

Ցավոք, հայաստանյան գործընթացներն Արցախում քաղաքական շահարկումների դաշտ են բացել. Ղուլյան

Արցախի ժողովրդավարական կուսակցության այսօր կայացած համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանն ասաց, որ 2018 թ. մայր Հայաստանում տեղի ունեցած զարգացումները չէին կարող իրենց արտացոլումը չունենալ Արցախում ներքաղաքական իրավիճակի վրա:

Ըստ նրա՝ հայաստանյան իրադարձություններին հասարակության արձագանքը զուսպ էր ու հավասարակշռված՝ իրական փոփոխությունների հստակ ակնկալիքով, երկրի անվտանգության և կայունության անձեռնմխելիության գիտակցումով:

Ղուլյանն ասաց. «Հասարակության՝ նման վերաբերմունքը ամբողջապես համապատասխանում է մեր քաղաքական ուժի կողմից որդեգրված քաղաքականությանը՝ զարգացնել գործընկերային հարաբերություններ հայաստանյան իշխանությունների հետ, պայքարել համահայկական միասնության խարխլման ցանկացած գործողության դեմ և, որպես արցախյան քաղաքական ուժ, առաջնորդվել զուտ արցախյան քաղաքական օրակարգով: Անշուշտ, Հայաստան-Արցախ քաղաքական խորը ինտեգրացիայի պայմաններում հայաստանյան գործընթացները լայն հնարավորություններ են ստեղծել նաև Արցախում ժողովրդավարական զարգացմանը նոր խթան հաղորդելու տեսանկյունից՝ ցավալիորեն նաև դաշտ բացելով քաղաքական շահարկումների համար»:

Ղուլյանը կարծում է, որ ԱԺԿ-ն ստեղծված իրավիճակում սպարտավոր է իր վրա վերցնել հանրությանը տարաբնույթ մանիպուլյացիաներից պաշտպանելու կարևոր առաքելությունը և անընդհատ բարձրաձայնել դրանց մասին՝ բացատրելով դրանց հնարավոր հետևանքները:

 «Արցախի ապագան կառուցում է արցախցին՝ իր քվեով, իր որոշմամբ, իր վստահությամբ, իր համոզմունքներով: Սա է ժողովրդավարության և ազատ կամարտահայտության մեր ընկալումը»,-նշեց Ղուլյանը:

 

  • Կիսվել: