հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ազատուհի Սիմոնյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետի հետ

Ազատուհի Սիմոնյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետի հետ

Արցախի Հանրապետության նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Փաուլա Դիվայնի և քաղաքային խորհրդի անդամներ Արդի Քասախյանի, Արա Նաջարյանի, Վրեժ Աղաջանյանի հետ:

Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Սիմոնյանը։
 
«Գլենդելի քաղաքապետի և խորհրդի անդամների հետ հանդիպմանս օրակարգը, իհարկե, հետպատերազմյա Արցախի մասին որոշակի տեղեկատվության փոխանակումն էր և զրույցը ապագա անելիքների շուրջ: Նրանց ներկայացրեցի Արցախում այսօր տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, տեղահանված բնակչությանը հուզող հիմնահարցերը և դրանց լուծմանն ուղղված ուղիները: Շնորհակալական խոսքս փոխանցեցի պատերազմի օրերին Արցախին աջակցելու հանձնառության համար, որին ի պատասխան՝ տիկին քաղաքապետի կողմից ստացա մշտական համագործակցության և տարաբնույթ ծրագրերով Արցախին աջակցելու պատրաստակամություն»,֊ նշեց մեր զրուցակիցը և հավելեց, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամներին Արցախ է հրավիրել՝ տեղում քննարկելու տեղական ինքնակառավարման մարմինների հետ հետագա համագործակցության հարցերի շրջանակը:

  • Կիսվել: