կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Այսօր պատուհասած այս փորձությունը մեզ այլ ելք չի թողել, քան շարունակել պայքարը՝ հանուն Արցախի Հանրապետության․ Արցախի ՆԳ նախարար

Այսօր պատուհասած այս փորձությունը մեզ այլ ելք չի թողել, քան շարունակել պայքարը՝ հանուն Արցախի Հանրապետության․ Արցախի ՆԳ նախարար

Արցախի Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։

«Արցախի նորագույն պատմության մեջ սեպտեմբերի 2-ը` Արցախի Հանրապետության հռչակման օրն է:

Անկախ մեր հայրենիքի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական բարդ իրադրությունից ու պաշարման հետևանքով ստեղծված ծանր իրավիճակից, այս օրը արցախահայության երազանքի օրն է, որն ամրագրվեց 1991 թվականին Ստեփանակերտում տեղի ունեցած մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում:

Ուստի, արդեն 32 տարի է, ինչ մեր ժողովրդի դարավոր երազանքը իրականություն է:

Արցախի Հանրապետությունը հռչակվեց մեր երկրի համար բարդ ու անհուսալի թվացող ժամանակաշրջանում: Հայրենիք ունենալու ցանկությունը մեծ էր, նրա անկախությունը պահելու գինը՝ թանկ:

Այսօր էլ անվերջանալի թվացող այս դժվարին ժամանակահատվածը՝ խոսուն վկան է մեր անբեկանելի երազանքի:

Փա՜ռք և խոնարհում Արցախի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների հիշատակին, փա՜ռք ու պատիվ հայրենիքի անվտանգությունը և մեր ժողովրդի իրավունքները պաշտպանող նվիրյալներին:

 

32 տարի առաջ մենք հավատում էինք անկախության գաղափարին, որի ճանապարհը լի էր բազմաթիվ խոչընդոտներով: Այսօր էլ, մեզ պատուհասած այս փորձությունը՝ զրկանքներն ու աղետալի իրավիճակը, մեզ այլ ելք չի թողել, քան շարունակել պայքարը՝ հանուն Արցախի

Հանրապետության, հանուն նրա անկախության և ինքնորոշման:

Ուժ, տոկունություն և ամուր կամք մեր ժողովրդին»,-նշված է ուղերձում:

  • Կիսվել: