Այն, ինչ Ռուսաստանն ուղարկել է, փոքրամասնությունների ինտեգրման պլան է, դա խայտառակություն է. Սամվել Բաբայան
Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը կարծում է, որ Ադրբեջանի վեջին հայտարարությունները ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հետ են կապված ավելի շատ, քան թե իրական էսկալացիա ռիսկ կա:
«Ես չէի ասի նոր էսկալացիայի ռիսկ կա: Իրոք շարժ լինում է, ասենք ռուսական զորքը Լաչինի միջանցքում 20-25 հոգանոց շարժ է ունեցել, նկարել են, վայնասուն դրել, թե իբր շարժ կա, եւ ՀՀ սահմաններում եթե փոքր շարժ է եղել զորքերի, ես չեմ համարում, որ դա լարվածություն է ստեղծել, ուղղակի իրենք մի քիչ այլ ձեւ են նայում, փորձում են բարձաձայնել, նամանավանդ, որ ՄԱԿ-ում հարցը պետք է քննարկվի, փորձում են դրա ֆոնի վրա ասել, թե հայերը զորք են կուտակում: Ես այդ տեսանկյունից կնայեի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բաբայանը:
Անդրադառնալով ՄԱԿ_ի ԱԽ դիմելու ՀՀ կառավարության քայլին, նա նշեց, որ բանաձեւն այսօր ոչինչ չի փոխելու, սակայն պետք է աշխատել այդ ուղղությամբ:
«Եթե մենք զբաղվենք այդ ուղղությամբ, անընդհատ դրանք ընդունել տանք, անընդհատ դատական պրոցեսներ լինեն, Եվրախորհրդում եւ տարբեր տեղեր, դա կարող է ճնշումներ գործադրել եւ կարողանանք տարբեր խնդիրներ լուծենք: Իհարկե, մեծ ակնկալիքներ չունեմ, բայց այդ ճանապարհով պետք է ընթանալ»,-ասաց նա:
Սամվել Բաբայանը համոզված է, որ եթե ցանկանում են հարցին քաղաքական լուծում տալ, ապա պետք է գնալ իր ասած ճանապարհով՝ կետ առ կետ ձեւակերպել հարցեր, ներկայացնել Բաքվին եւ ստացած պատասխանից եզրակացնել, թե Արցախի ապագան ոնց է լինելու:
«Եթե սկսենք այդ բանակցությունները, հետո կպարզվի՝ ինչ ենք անելու: Այո, ամեն տարբերակ էլ ունենք: Ես ասում եմ, որ փաստաթուղթ ենք մշակում, հղկում, պատվիրակություն է կազմվում, գնում ենք բանակցությունների, բայց ոչ ես: 120 հազար ժողովուրդ այսօր գերության մեջ է, պետք է տնտեսական լուծումներ գտնել, չի կարելի, վերջիվերջո վերջ տվեք եւ պատասխանատվություն վերցրեք ձեզ վրա»,- ասաց նա:
Բաբայանը համաձայն չէ նաեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի առաջարկին, որն ըստ էության այդպես էլ չէր իրականացել. «Ասենք 2 մեքենա Աղդամով անցավ, մի 10 մեքենա էլ Լաչինով անցավ, հետո նորից փակեց ու նորից մեկ ուրշ պահանջ դրեց: Իսկ իմ առաջարկի դեպքում՝ ճանապարհը բացվում է,. բանակցությունները զուգահեռ ընթանում են»:
Բաբայանը նշում է, որ Արցախը ինքնուրույն էլ կարող է բանակցել, որեւէ մեկի միջնորդության կարիքը չունի:
«Այն, ինչ Ռուսաստանը այս վերջում ուղարկել է փոքրամասնությունների ինտեգրման պլան է, դա խայտառակություն է: Այդ փաստաթուղթը ուղարկվել է Արցախ կամ Երեւան, չգիտեմ, որ մեզ թողելու են մեր լեզվով խոսենք կամ սպորտով զբաղվենք: Չի կարելի այդպես, առաջինը մենք ենք, հետո նոր բոլորը»:
Բաբայանը նշում է, որ այսօր պետք է միջազգային հարթակում աշխատել եւ լուծումներ գտնել, իսկ կարճաժամկետ լուծումներ ամեն պահի էլ կարող է անել, սակայն դա պետք է թողնել հետոյին:
Մանրամասները՝ տեսանյութում.