Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված` սեղանի թենիսի ցուցադրական պարապմունքներ են կազմակերպվել (լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 19-ին, Ստեփանակերտի Կամավոր մարզական ֆիզկուլտուրայի կենտրոնի մարզադահլիճում կազմակերպվել են սեղանի թենիսի ընկերական ցուցադրական պարապմունքներ՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պարապմունքներին մասնակցել են Կամավոր մարզական ֆիզկուլտուրայի կենտրոնի և Մանկապատանեկան մարզադպրոցի շուրջ 25 սաներ։

««Սեղանի թենիս» մարզաձևը մեր Հանրապետությունում սիրված սպորտաձև է և զարգացման բավականին հետաքրքիր ընթացք ունի։ Դրա արդյունքը մեր այն մարզիկներն են, ովքեր, մեծ ջանք ներդնելով, դառնում են ՀՀ չեմպիոններ, մասնակցում միջազգային մրցաշարերի»,-մեզ հետ զրույցում ասել է ԱՀ Սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Առաքելյանը։

Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա փետրվարի 26-ին ՀՀ-ում անց է կացվելու սեղանի թենիսի մեծահասակների առաջնություն, որին կմասնակցեն նաև արցախցի մարզիկները
։


ՀՀ չեմպիոն Աննա Գրիգորյանը պատմել է, որ «Մանկական Եվրատեսիլ»-ին ներկա գտնվելուց հետո 40 օր մնացել է Գորիսում. ուրախ է, որ այսօր կարողանում է Արցախում կազմակերպվող պարապմունքներին ինքն էլ մասնակցել։

«Արդեն մոտ տասը տարի է՝ զբաղվում եմ այս սպորտաձևով։ Այսպիսի պարապմունքները նպաստում են, որ ավելին սովորենք,հատկապես՝ մեր մրցակցից։ Փորձում ենք մեկս մյուսից ինչ-որ նոր բան վերցնել, և, ինչու չէ, մեր իմացածը փոխանցել»,-նշել է Ա. Գրիգորյանը։

10-ամյա Եվա Բաբայանն արդեն հինգ տարի է` զբաղվում է սեղանի թենիսով։

