շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախի ԱԳՆ պնդում է Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների միջազգային ձևաչափի վրա

Արցախի ԱԳՆ պնդում է Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների միջազգային ձևաչափի վրա

 Արցախի ԱԳՆ անդրադարձել է BBC-Ադրբեջանի սեփական աղբյուրների հիման վրա հրապարակած հաղորդմանը առ այն, որ «Ղարաբաղի իշխանությունները հակված են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և որ առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում»։

Այս առնչությամբ Արցախի ԱԳՆ-ում մասնավորապես ասել են․ «Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ արցախյան կողմը մշտապես հանդես է եկել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման դիրքերից։ Միաժամանակ, նման բանակցությունները պետք է ընթանան կողմերի միջև համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա երաշխավորել, որ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համապատասխան։ Արցախյան կողմը բազմաթիվ անգամ միջնորդների միջոցով հանդես է եկել հանդիպումների մասին նախաձեռնություններով, ադրբեջանական կողմը սակայն մերժել է դրանք»:

ԱԳՆ-ից նաև հավելել են, որ ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում, առավել ևս առանց միջազգային միջնորդների ներկայության, բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հատկապես հաշվի առնելով ԿԽՄԿ մանդատի ներքո գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը, այն էլ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։ Ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհին, ապա ԱԳՆ-ից հիշեցրել են, որ ԱՀ նախագահի մամուլի խոսնակն այսօր անդրադարձել է այդ թեմային։

Նշենք, որ ԱՀ նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ ստեղծված իրավիճակի շուրջ Արայիկ Հարությունյանը տարբեր ձևաչափերով կոնսուլտացիաներ է անցկացնում, որոնց արդյունքների և ընդունված որոշումների մասին հանրությանը նա կհայտնի անձամբ։

  • Կիսվել: