Արցախյան էկո պայուսակների արտադրությունն ունի բնապահպանական և սոցիալական ուղղվածություն. հիմնադիր
«Էկո Ցայինո»-ն (իտ. Eco Zaino) Արցախում գործող կտորե պայուսակների արտադրությամբ զբաղվող սոցիալական ձեռնարկատիրություն է, որի արտադրած պայուսակները, թրենդային լինելուց բացի, ունեն նաև բնապահպանական և սոցիալական ուղղվածություն:
Էկո պայուսակներ արտադրող ընկերության հիմնադիր-տնօրեն Զինա Գասյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ պայուսակների արտադրությամբ զբաղվելու միտքն առաջացել էր մինչ 44-օրյա պատերազմը, բիզնես-գաղափարը կյանքի է կոչվել 2020թ. օգոստոսին:


Մեր զրուցակցի խոսքով՝ այն մարդկանց են ընդգրկել արտադրության գործընթացում, ովքեր, իրոք, աշխատանքի կարիք ունեն. «Շահառուների ցանկում ընդգրկված են առողջական խնդիրներ ունեցող երեխաների ծնողներ, ուսանողներ, փորձում ենք ընդգրկել նաև տեղահանված մեր հայրենակիցներին»:

«Մեր հաճախորդները տարբեր տարիքի են, հիմնականում Արցախից են և ՀՀ մարզերից: Պատերազմից հետո հնարավորություն ենք ունեցել նաև առաքելու եվրոպական երկրներ», - հավելեց Զ. Գասյանը: Սոցիալական և ազգային գաղափարների համադրումից սկսել են ծնվել Eco Zaino-ի նոր տարբերակները: Eco Zaino ԱՁ-ն սկսել է թողարկել Մարաշի հյուսքակարով ասեղնագործ թրենդային պայուսակներ, որոնք լայն արձագանք են գտել հասարակության շրջանում և մեծ պահանջարկ ունեն: Էկո պայուսակների արտադրամասի հիմնադիր-տնօրենի համոզմամբ՝ բիզնեսի ապագան սոցիալական ձեռներեցության մեջ է.

«Եթե, իրոք, ուզում ենք ունենալ որևէ դրական տեղաշարժ հետպատերազմյան Արցախի սոցիալական ոլորտում, ապա ինքներս պիտի աջակցենք սոցիալական ծրագրերի իրագործմանը: Բայց և այնպես արցախյան արտադրողը պիտի լինի պետական հոգածության ներքո՝ վստահ լինելով, որ հնարավորություն կունենա սպառելու իր արտադրանքը»,֊ ընդհանրացրել է մեր զրուցակիցը:
