չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախյան բուսական թեյերի շարքում նոր արտադրատեսակ է ավելացել

Արցախյան բուսական թեյերի շարքում նոր արտադրատեսակ է ավելացել

Արցախում պատրաստվող «Բերդաշեն թեյ» անվամբ բուսական թեյն արտադրվում է 2021 թվականի օգոստոս ամսից։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Թեյ Բերդաշեն»-ն արտադրող Էռնա Սողոմոնյանն ասել է, որ խոտաբույսերը հավաքում են Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի սարերից և դաշտերից։

Բնութագրությունը հասանալի չէ

«Թեյի պատրաստման գաղափարը ծագել է հենց հարազատ Բերդաշենում։ Այնտեղից էլ հավաքեցի խոտաբույսերն ու սկսեցի նախապատրաստական աշխատանքները։ Թեյերը մոտ 10 խոտաբույսերի համադրություն են՝ ուրց, վայրի սուսամբար, դաղձ, անթառամ, լոռենի, երիցուկ, ծաղկած ալոճենի և սրոհունդ»,- նշեց Է. Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ թեյերը պատրաստվում են սիրով և արտահայտում Արցախի բնության համն ու հոտը։

«Սկզբնական շրջանում խոտաբույսերը հավաքել ենք, լվացել ու չորացրել։ Համտեսելով բոլոր միքսերը՝ ընտրել ենք թեյի 3 հայկական անվանում՝ Մետաքսե, Գիսանե, Շահանե։ Հետագայում պլանավորում ենք մեծացնել մեր արտադրանքը և ավելացնել ևս մի քանի թեյատեսակ։ Թեյի տուփերը ևս ինքս եմ պատրաստում։ Սպառումը դեռ իրականացնում ենք օնլայն եղանակով։ Առաջին խմբաքանակը սպառվել է հաշված ժամերի ընթացքում, և մենք սկսել ենք 2֊րդ՝ ավելի մեծ խմբաքանակի պատրաստումը։ Թեյի մեկ տուփն արժե 990 դրամ, իսկ տարողությունը 30գրամ է»,-մասնավորապես ասել է մեր զրուցակիցը՝ նկատելով, որ արցախյան թեյերը մեծ պահանջարկ ունեն սպառողների շրջանում:

«Ամեն մեկս մեր չափով պետք է նպաստենք Արցախում հայկական արտադրանքի ստեղծմանը։ Հատկապես հետպատերազմյան այս ծանր ժամանակաշրջանում թե՛ արցախցին, թե՛ Արցախը պետք է ամուր ոտքի կանգնեն և աշխարհին ցույց տան մեր ուժը և կարողությունը»,-ընդգծել է նա։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: