կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախը չի ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ. Արտակ Բեգլարյան

Արցախը չի ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ. Արտակ Բեգլարյան

Արցախի իշխանությունները և Արցախի ժողովուրդը չեն ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ: Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կարո՞ղ է նա վստահաբար ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

«Իհարկե, մեր պայմանները շատ ավելի դժվար են, շատ ավելի ծանր են, քան նախապատերազմյան շրջանում, բայց դա չի նշանակում, որ մենք հնարավորություններ չունենք պայքարելու: Մեր ճանապարհը ավելի երկար է մեզ թվում, բայց մյուս կողմից ունենք լրացուցիչ հնարավորություններ, այդ թվում` արտաքին քաղաքական հնարավորություններ՝ մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը շատ ավելի ընդգծված կերպով կազմակերպելու»,- նշեց Բեգլարյանը:

Ըստ Արցախի պետնախարարի` փաստարկների առումով ինքնորոշման իրավունքը ընկալելի է միջազգային հանրությանը, որովհետև հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներից երկուսն արդեն ժամանակավրեպ են:

«Այսինքն` տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքներն արդեն ժամանակավրեպ են պատերազմի հետևանքով: Մնացել է ինքնորոշման իրավունքի ճանաչման սկզբունքը, և միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խումբը սա շատ լավ գիտակցում են: Դրա համար այս ուղղությամբ մեր պայքարը շարունակում ենք: Իհարկե, պետք է Հայաստանի Հանրապետությունն էլ գործուն ջանքեր գործադրի: Հույս ունենք, որ առաջիկայում այս մասով որոշակի դրական առաջընթաց լինելու է»,- եզրափակեց Բեգլարյանը:

  • Կիսվել: