չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախում տեղի է ունեցել փրկարար ծառայության ենթասպա Հարություն Աթաջանյանի արտաշիրիմումը

Արցախում տեղի է ունեցել փրկարար ծառայության ենթասպա Հարություն Աթաջանյանի արտաշիրիմումը

Փրկարար ծառայության ենթասպա Հարություն Յուրիի Աթաջանյանն այսուհետ կննջի հայրենի ծննդավայրում՝ Ստեփանակերտում: Տեղի է ունեցել նրա արտաշիրիմումը:Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ-ն։
 
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սկսված լայնածավալ մարտական գործողությունների ընթացքում ԱԻՊԾ համահավաք գումարտակի անձնակազմի հետ միասին Հարությունը ևս կատարել է հումանիտար առաքելություն:
 
Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Ասկերանի վերին ենթաշրջանի Սղնախ գյուղի մոտակայքում:
 
Հուղարկավորվել էր ՀՀ Արարատի մարզի Ոսկեհատ գյուղում: Հարազատների նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել նրա արտաշիրիմումը:
 
Հուղարկավորմանը մասնակցել են ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը՝ ուղեկցությամբ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի, Հարությունի հարազատներն ու համածառայակից ընկերները:
Հարություն Աթաջանյանը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 3-ին Ստեփանակերտ քաղաքում:
 
2009 թվականին ավարտել է ԱրՊՀ ճարտարագիտական ֆակուլտետի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժինը:
 
2004-2006 թվականներին ծառայել է ԱՀ պաշտպանության բանակում:
 
2009 թվականին աշխատանքի է ընդունվել Արտակարգ իրավիճակների ծառայությունում, 2011 թվականին նշանակվել է վարորդ-փրկարար պաշտոնին:
 
Փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար Հ.Աթաջանյանը հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:
 
Ամուսնացած է, ունի 2 որդի:

  • Կիսվել: