հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում մեկնարկել է նոր ջերմատնային տնտեսությունների կառուցման համար անհատույց ֆինանսական միջոցների տրամադրման ծրագիրը

Արցախում մեկնարկել է նոր ջերմատնային տնտեսությունների կառուցման համար անհատույց ֆինանսական միջոցների տրամադրման ծրագիրը

«Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակում մեկնարկել է Արցախի Հանրապետությունում սեփականության, վարձակալության և անհատույց օգտագործման իրավունքով հատկացված վարելահողերում և տնամերձ տարածքներում նոր հիմնադրված՝ ավանդական և նորարարական տեխնոլոգիաներով հագեցված ջերմատների հիմնման դիմաց անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման միջոցառումը:

Այս մասին տեղեկացրեց ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:

«Ավանդական եղանակով, նվազագույնը 100 քառակուսի մետր (մեկ ամբողջական տարածքով) ջերմատնային տնտեսությունների կառուցման դիմաց նախատեսվում է անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում՝ 1 քառակուսի մետրի հաշվով 8 000 ՀՀ դրամ, իսկ նորարարական տեխնոլոգիաներով հագեցված, նվազագույնը 500 քառակուսի մետր (մեկ ամբողջական տարածքով) ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում՝ 1 քառակուսի մետրի հաշվով ՝ 22 000 ՀՀ դրամ: Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ը՝ ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունում»,- նշեց Գ. Հայրապետյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ հայտին կից ներկայացվում են ջերմատան կառուցման համար գործարար ծրագիրը, ֆիզիկական անձի անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի կամ սոցիալական քարտի պատճենները, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը, գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), անշարժ գույքի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում՝ նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը` ջերմատան կառուցման համար: Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել 047 94 35 01 հեռախոսահամարով:

  • Կիսվել: