չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախում կրթամշակութային միջոցառումներ կկազմակերպվեն

Արցախում կրթամշակութային միջոցառումներ կկազմակերպվեն

Սեպտեմբերի 16֊18֊ը կրթական, մշակութային փոխանակումների ծրագրով «Արցախիկներ» բենդը՝ երաժիշտ, շեփորահար Տիգրան Սուչյանի ղեկավարությամբ, ինչպես նաև հայ երաժշտարվեստի հայտնի ներկայացուցիչներ, հանդես կգան Արցախի Մարտունի, Մարտակերտ ու Ստեփանակերտ քաղաքներում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց «Արցախիկներ» բենդի համերգների կազմակերպիչ Քնարիկ Ներսիսյանը:Համերգը կկրի «Արի Արցախ» խորագիրը։

«Կայանալիք միջոցառումների նպատակն է ստեղծել հարաբերությունների նոր հարթակ, ակտիվ ու կենսունակ պահել Արցախում կրթամշակութային կյանքը։ Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Մարտունու Օպերայի տանը և սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ին, Մարտակերտի Մշակույթի տանը հանդես կգան «Արցախիկներ» բենդը, Տիգրան Սուչյանը, Նորայր Քարտաշյանը, Կարեն Մամիկոնյանը, Գրիգոր Դավթյանը։ Նույն օրը՝ ժամը 17:00-ին, Մարտակերտում կկայանա Շուշան Պետրոսյանի համերգը:

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում, իսկ 15։00֊ին՝ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում կկազմակերպվեն վարպետաց դասեր. 17։00-ին կկայանա «Արցախիկներ» բենդի համերգը: Նույն օրը՝ ժամը 19։00-ին, «Եվրոպա» հյուրանոցում «Արցախիկներ» բենդը հանդես կգա եզրափակիչ համերգով»,- նշեց Ք. Ներսիսյանը:

  • Կիսվել: