չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով բնակարանների կառուցումը կազատվի ավելացված արժեքի հարկից

Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով բնակարանների կառուցումը կազատվի ավելացված արժեքի հարկից

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Արթուր Հարությունյանի նախագահությամբ կայացել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նիստը:

Այս մասին Infoport.am-ին հաղորդել են ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
 
Օրակարգում 3 օրենքների նախագծերի քննարկման հարցերն էին:
 
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վ. Առաքելյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին տեղահանված անձանց համար նախատեսվող՝ մեծ թվով բնակելի տների, բնակարանների, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն ԱԱՀ-ից ազատելու գործընթացն առավել դյուրացված կազմակերպելու նպատակով, առաջարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով դրանք անմիջականորեն ազատել ԱԱՀ-ից՝ առանց բարեգործական հանձնաժողովի որակման:
 
Նախագծի ընդունմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը կազատվի ԱԱՀ-ից՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
 
«Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է՝ կառավարության որոշմամբ սահմանել ավելացված արժեքի հարկի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման կարգ, որը կապահովի զրոյական դրույքաչափի կիրարկումը:
 
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում էականորեն կնվազեցվի ԱՀ տարածքից արտահանում իրականացնող կազմակերպությունների հարկային բեռը և, հետևաբար, դրական կանդրադառնա երկրից արտահանման ծավալների վրա:
 
ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Ս.Գալստյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի մշակումը պայմանավորված է հանրային լայն շրջանակների միջին եկամուտների և բնակելի տների կամ բնակարանների պետական գրանցման համար նախատեսված պետական տուրքի վճարների ընդունելի հարաբերակցություն ապահովելու, ինչպես նաև Արցախի Հանրապետությանը մի շարք ծառայությունների գծով պետական տուրք վճարելուց ազատելու անհրաժեշտությամբ:
 
Միաժամանակ, մինչև 2001 թվականի հունվարի 1-ը ձեռքբերված անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցում կատարելու համար պետական տուրքի վճարումից սեփականատերերին ազատելը բխում է նշված անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և դրանք իրավական և հարկային դաշտ բերելու գործընթացը խթանելու անհրաժեշտությունից:
 
 Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված որոշակի ծառայությունների գծով պետական տուրքի չափերի նվազեցում և պետական տուրքի վճարումից ազատում:
 
Նախագծերի հեղինակները պատասխանել են պատգամավորների բարձրացրած հարցերին:
 
Ներկայացված 3 օրինագծերն էլ արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը և ընդգրկվել առաջիկա արտահերթ նիստի օրակարգում:
 
Նիստին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

  • Կիսվել: