չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
 Արցախին կփոխանցվի 4000 միավոր բազմաբնույթ գրականություն

Արցախին կփոխանցվի 4000 միավոր բազմաբնույթ գրականություն

Հայկական գրադարանային ասոցիացիան Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ 2021 թվականի մայիսին նախաձեռնել էր «Գիրքը՝ Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք` օժանդակելու Արցախի ֆոնդի համալրմանը, մեղմելու գրքային հավաքածուի կորուստը։ 

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հուլիսի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել գրքերի նվիրաբերման միջոցառումը` ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մասնակցությամբ։

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Ռուզան Տոնոյանը տեղեկացրել է, որ գրքահավաքին մասնակցել են հրատարակչություններ, գրադարաններ, անհատներ, ընթերցողներ, բազմաթիվ գրքասերներ։ Արդյունքում հավաքվել է շուրջ 4000 միավոր բազմաբնույթ գրականություն, որը պաշտոնապես կփոխանցվի Արցախին՝ փոքր-ինչ նվազեցնելու այն բացը և կորուստը, որն ունեցել են Արցախի գրադարանները:

Ռուզան Տոնոյանը՝ վստահություն հայտնելով, որ նախաձեռնությունը շարունակական բնույթ կունենա, շնորհակալություն է հայտնել նախաձեռնության բոլոր մասնակիցներին. «Վստահ եմ, որ պարբերաբար կհավաքագրվեն անհրաժեշտ գրքերը մեր ընթերցողների, անհատների, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, հրատարակիչների, տարբեր կազմակերպությունների կողմից և  բոլորի միահամուռ ջանքերով կկարողանանք լրացնել բացը»:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն էլ շեշտել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մարդկային, մշակութային, գույքային զգալի կորուստներ են կրել.

«127 համայնքային և դպրոցական գրադարան ու 618 հազար գիրք են մնացել հակառակորդի կողմից օկուպացված տարածքներում: Օրինաչափ է, որ բոլոր պատերազմներից հետո փոխվում ենք, սկսում ենք արժևորել մեր մշակութային ներուժը: Հիմա էլ Արցախում կարելի է ասել՝ պատերազմն ավարտված չէ և մշակույթի տարածքում է շարունակվում, իսկ այս նախաձեռնությունն օգնելու է մեր դիմագծի, ինքնության, մեր տեսակի պահպանմանը»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ նշել է, որ ամենօրյա ռեժիմով փորձ է արվում գտնելու և օգտագործելու բոլոր հնարավոր միջոցները, ապահովելու կորսված արժեքների ֆիզիկական, այժմ նաև տեղեկատվական անվտանգության հարցերը:

«Կորուստը հետ բերելու պայքարը չպետք է խանգարի կենդանի գործընթացներին, իսկ գրքահավաքությունը գեղեցիկ նախաձեռնություն է: Առաջարկում եմ, որ այն դնենք ավելի բարձր տեղեկատվական մակարդակի վրա, որովհետև սա զուտ գիրք փոխանակելու խնդիր չէ, այլ հսկայական հոգեբանական նշանակություն ունի, որով  դրսևորում ենք մեր միասնականությունը: Մենք պատմականորեն գրի, գրքի, բանականության ժողովուրդ ենք և նման նախաձեռնություններով վերահաստատում ենք մեր լուսավոր էությունը: Ցանկանում եմ, որ գրքահավաք այս արշավը դառնա զանգվածային լայն արարողություն»,- փաստել է Արա Խզմալյանը և պատրաստակամություն հայտնել նախաձեռնությունն իրականացնել առավել բարձր տեղեկատվական հենքի վրա՝ այն դարձնելով շարունակական:

Նշենք, որ «Գիրքը՝ Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք նախաձեռնությունը Հայկական գրադարանային ասոցիացիան իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի հետ համագործակցությամբ:

  • Կիսվել: