Արցախից բռնի տեղահանված բռնցքամարտիկների համար Երեւանում կհիմնվի ակումբ․ Նարեկ Աբրահամյան
Արցախից բռնի տեղահանված բռնցքամարտիկների համար Երեւանում կհիմնվի ակումբ, որը կանվանենք՝ «Արցախ»: Որպես ֆեդերացիայի նախագահ, ամեն ինչ կանեմ, որ մեր գործը շարունակվի, մեր մարզիկներն իրենց գտնեն, հաստատվեն եւ շարունակեն նոր երազանքներով ու նպատակներով ապրել Հայաստանում: Որպես մարզաշխարհի ներկայացուցիչներ, մեր սուրբ պարտականությունն է՝ մարզվել, ուժեղանալ եւ բարձր պահել հայ ազգի պատիվը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ավագ տարիքի պատանիների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Առստամյանի անձնական մարզիչ Նարեկ Աբրահամյանը:
Արցախի ֆեդերացիայի նախագահն իր սաների հետ հաստատվել է Երեւանում: Նարեկ Աբրահամյանի խոսքով, այս ընթացքում հնարավոր ամեն ինչ արվում է, որ արցախցի բռնցքամարտիկները Հայաստանում մարզվելու, սիրելի մարզաձեւով զբաղվելու հնարավորություն ունենան:
«Բոլորով տեղափոխվել ենք Երեւան: Ընտանիքներով ենք եկել: Ֆեդերացիան նույնպես ամբողջ անձնակազմով, մարզիչներով, մարզիկներով հաստատվել է Երեւանում: Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ 200 բռնցքամարտիկ բռնի տեղահանվեց Հայաստան: Ոմանք այստեղ կշարունակեն զբաղվել բռնցքամարտով, ոմանք էլ գուցե չշարունակեն: Այս պահին դեռեւս հստակ տեղեկություններ չունենք:
Շատ ծրագրեր ունենք բռնցքամարտում: Արդեն կապ ենք հաստատել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ: Քննարկումների արդյունքում որոշել ենք Երեւանում բացել մի ակումբ: Ֆեդերացիայի նախագահը ձեռք մեկնեց եւ կաջակցի մեզ մարզադահլիճ գտնելու հարցում, որտեղ կմարզվեն արցախցի բռնցքամարտիկները: Որոշել ենք ակումբն անվանել «Արցախ»:
Մարզիկների, բոլորիս բարոյահոգեբանական վիճակը շատ վատ է: Երեւի բոլորիս հոգեբաններ են պետք այս վիճակից դուրս գալու համար:
Բռնցքամարտիկների գրեթե մեծ մասը հաստատվել են Երեւանում: Էրիկ Առստամյանը նույնպես Երեւանում է: Նա շարունակում է մարզվել Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցում: Արդեն միացել է երիտասարդական հավաքականին եւ պատրաստվում է մրցաշարերի:
Շատ լավ կլինի, որ կարողանանք բացել մեր ակումբը, որպեսզի այս մարզիկները իրենց սիրելի մարզաձեւով կարողանան շարունակել զբաղվել:
Էրիկ Առստամյանն ավելի մեծ ոգեւորությամբ է շարունակում մարզումները: Նա շուրջ 4 ամիս մրցաշարերի չէր մասնակցել, բայց մենք մարզվում էինք: Էրիկն ապրում է բռնցքամարտով եւ կշարունակի իր մարզական կարիերան Հայաստանում:
Այս օրերին Հայաստանից դուրս եմ գտնվում, բայց վերադառնալուն պես կզբաղվեմ ակումբը հիմնելու աշխատանքներով: Ես, որպես ֆեդերացիայի նախագահ, ամեն ինչ անելու եմ, որ Երեւանում մի դահլիճով ապահովենք, այդ երեխաները գան եւ շարունակեն իրենց մարզումները: Արցախի շունչը կլինի այդ դահլիճում: Ամեն բան կանեմ, որ մեր գործը շարունակվի, այս մարզիկներն իրենց գտնեն, հաստատվեն եւ շարունակեն նոր երազանքներով ու նպատակներով ապրել Հայաստանում:
Այս տեսանկյունից շատ ուրախ եմ, որ մեր նախաձեռնությանը դրական արձագանքեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը: Իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Հովհաննես Հովսեփյանին: Այս 9 ամիսների ընթացքում մենք մշտապես կապի մեջ ենք եղել, մշտապես հետաքրքրվել է մեզանով, մեր մարզիկներով:
Արցախում բռնցքամարտով զբաղվողները մեծ թիվ էին կազմում: Ֆեդերացիայում վերջին շրջանում գրանցված էին 150-ից ավել բռնցքամարտիկներ: Ստեփանակերտում ունեինք երկու դահլիճ, Ասկերանում եւ Մարտակերտում նույնպես ունեինք դահլիճներ, որտեց մարզվում էին նաեւ մարզերից, գյուղերից եկող երիտասարդներ: Շուրջ 200 բռնցքամարտիկ ունենք: Նրանցից 20-30-ը հեռանկարային բռնցքամարտիկներ են: Վստահ եմ, որ նրանք մեծ հաջողությունների կհասնեն, այնպես, ինչպես Էրիկ Առստամյանը եւ մյուսները: Արդեն գրեթե հասնում էին լուրջ արդյունքների, բայց ճանապարհները փակեցին: Այժմ բոլորիս գերխնդիրն է ապահովել այդ երիտասարդների հետագա մարզումները, գրանցել նոր ու բարձր արդյունքները մեր երկրի համար, ինչ գնով էլ լինի: Որպես մարզաշխարհի ներկայացուցիչներ, ունենք մեր սուրբ պարտականությունը՝ մարզվել, ուժեղանալ եւ բարձր պահել հայ ազգի պատիվը»,- ասաց Նարեկ Աբրահամյանը: