Արցախի որոշ շրջաններում մեկնարկել են բերքահավաքի փորձնական աշխատանքները. փոխնախարար
Հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գարնանացանի տարածքները կազմել են 17 հազար 695 հա:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:
Խոսելով հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը սկսելու մասին՝ Վ. Ավետիսյանը նշել է, որ կան շրջաններ, որտեղ մեկնարկել են փորձնական աշխատանքներ, բայց դրանք մասսայական բնույթ չեն կրում:

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ ունենք 70 հազար 844 հա աշնանացան հացահատիկայինների տարածքներ, որից 38 հազար 379 հա գարի և 32 հազար 460 հա ցորեն»,-տեղեկացրել է փոխնախարարը:
Նա ասել է նաև, որ հանրապետության տարածքում հակահրդեհային միջոցառումներն իրականցվում են երկու փուլով: Առաջինը եղել է համատարած ոչնչացման հերբեցիդի սրսկման միջոցով սակավ հրդեհավտանգ գոտիների ստեղծման միջոցառումը, որն ավարտված է. այն իրականացվել է 1500 հա-ի վրա: Երկրորդ փուլն արդեն մեկնարկել է այն տարածքներում, որտեղ սրսկումներ չեն իրականացվել: Շրջաններում կտեղադրվեն շուրջօրյա գործող պահակակետեր, որտեղ կլինեն ինչպես հրշեջ մեքենաներ, այնպես էլ տրակտորներ՝ համապատասխան ագրեգատորներով:
«Բերքատվության վերաբերյալ մտավախություններ ունեցել ենք՝ հատկապես, որ աշնանը և ձմռան առաջին ամիսներին տեղումներ չեն եղել: Կարծում եմ՝ այս տարվա արդյունքները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշները: Այսօրվա դրությամբ հանրապետությունում սարքին վիճակում ունենք 250 հացահատիկահավաք կոմաբայն, որը լիովին բավարարում է ունեցած ցանքատարածություններում բերքահավաք իրականացնելու համար: Ի դեպ, անցած տարի ՀՀ-ից տրամադրվեն են կոմբայններ, որոնք ևս օգտագործում ենք այդ աշխատանքների կազմակերպման նպատակով»,-նշել է Վ. Ավետիսյանը: