հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի նախագահը միանում է Վերածնունդի հրապարակում մեկնարկած մի խումբ քաղաքացիների նստացույցին

Արցախի նախագահը միանում է Վերածնունդի հրապարակում մեկնարկած մի խումբ քաղաքացիների նստացույցին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միանում է Վերածնունդի հրապարակում մեկնարկած մի խումբ քաղաքացիների նստացույցին։
 
Նա այդ ծայրահեղ քայլին դիմում է, որպեսզի գրավի միջազգային հանրության ուշադրությունը Արցախում տիրող իրավիճակի վրա, մղելու հայ ժողովրդին և մեր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողություններին։
 
"Այս նստացույցով մենք ակնկալում ենք, որ Հայաստանը, ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն, ՄԱԿ-ը և միջազգային այլ կառույցներ զերծ կմնան առաջին հերթին Ադրբեջանի հանցավոր գործողությունները խրախուսելուց, անտեսելուց, իսկ այնուհետև կստանձնեն իրենց պարտավորությունները եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի դատարանի և միջազգային այլ ակտերի շրջանակներում կատարելուն։ Իսկ ահա Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից ակնկալում ու խնդրում ենք բոլոր հմնարավոր միջոցներով հրավիրել որոշում կայացնողների ուշադրությունը Արցախում տիրող իրավիճակի վրա։ Մենք Արցախում մեկնարկած շարժման շարունակությունն ենք ակնկալում ողջ հայ ժողովրդի և մեր բարեկամների շրջանում։
 
Վստահ եմ, որ տարբեր երկրներում նաստացույցերի և այլ զանգվածային արշավների միջոցով թե արտերկրում, թե ՀՀ-ում հնարավոր է շոշափելի արդյունք ապահովել այս պայքարում։ Միջազգային հանրությունը պետք է զգա հայ ժողովրդի կամքն ու սատարումը Արցախին՝ քանի որ Արցախի արժանապատիվ ապագայի բանալին հենց հայ ժողովրդի ձեռքերում է։ Ստեղծված իրավիճակում ես նստացույցին միանալուց բացի այլ արդյունավետ տարբերակ չեմ գտել։
 
Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային հանրության գործուն մասնակցությամբ Արցախում իրավիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն հուն, ապա դրանից հետո մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների թե Արցախում, թե դրանից դուրս",- հայտարարեց Արցախի նախագահը։ 
 
Նա նաև հավաստեց, որ նստացույցի ընթացքում շարունակելու է կատարել իր պաշտոնական պարտավորությունները ողջ ծավալով։  «Նստացույցի ժամանակ ես հնարավորություն կունենամ շփվելու մեր հայրենակիցների, հանրային, քաղաքական շրջանակների հետ, նրանց հետ քննարկելու ստեղծված իրավիճակը և միասին դրանից դուրս գալու համատեղ ուղիներ մշակել և որոշումներ ընդունել։ Պահը օրհասական է, Աստված պահապան Արցախին և ուժ ու կորով մեր ժողովրդին»,- եզրափակեց ԱՀ նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: