ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի նախագահն իրականացրել է իր գործառույթը՝ մշտապես բավարարելով Պաշտպանության բանակի հրամանատարության հայտերը. ԱՀ ԱԺ

Արցախի նախագահն իրականացրել է իր գործառույթը՝ մշտապես բավարարելով Պաշտպանության բանակի հրամանատարության հայտերը. ԱՀ ԱԺ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ազգային ժողով է ներկայացրել ամենամյա հաղորդում՝ 2020 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ:

«2020 թվականը Արցախի Հանրապետության համար ծանրագույն տարի էր՝ հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիան և դրա հարուցած մարդկային, տարածքային ու նյութական ահռելի վնասները, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19 համավարակը: Պետական կառավարման ու տնտեսության համար էական նշանակություն են ունեցել նաև համապետական ընտրությունները, որի միջոցով տեղի է ունեցել պետական իշխանության անցում: Ուստի, սույն հաղորդումն ամփոփում է ինչպես մինչև 2020 թվականի մայիսի 21-ը` Բակո Սահակյանի, այնպես էլ դրանից հետո՝ Արայիկ Հարությունյանի նախագահության ժամանակաշրջանները»,- նշված է հաղորդման մեջ:

Արցախի Հանրապետության պաշտպանությունը համարելով ամենահիմնարար ոլորտը, որը հատկապես ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիայի և դրա հետևանքների պատճառով մեծապես ազդել է բոլոր ոլորտների արդյունքների վրա՝ սույն հաղորդման ներածության մեջ ընդհանուր գծերով անդրադարձ է կատարվում հենց պաշտպանության բնագավառին:

Ադրբեջանը երբեք իր թշնամական նկրտումները Արցախի և Հայաստանի Հանրապետությունների հանդեպ չի թաքցրել։ Հայատյացության պետական մակարդակով տարվող քաղաքականությունը և մեծածավալ սպառազինությունների շարունակական ձեռքբերումները հուշում էին, որ Ադրբեջանը ամեն պահի պատրաստվում էր պատերազմի:

Ունենալով պաշտպանության բնագավառում խիստ սահմանափակ իրավասություններ ու լծակներ՝ Հանրապետության նախագահն իրականացրել է իր աջակցող գործառույթը՝ մշտապես բավարարելով Պաշտպանության բանակի հրամանատարության հայտերը: Բացի դրանից, Հանրապետության նախագահը հաճախակի այցելել է առաջնագիծ ու զորամասեր, շփվել զինվորականների հետ՝ ներսից հասկանալով այն խնդիրները, որոնք անհրաժեշտ և հնարավոր է լուծել ԱՀ կառավարության կողմից։

ԱՀ նախագահի լիազորությունների ստանձնման առաջին իսկ օրից Արայիկ Հարությունյանը ձեռնամուխ է եղել առաջնագծի կահավորման աշխատանքներին նպաստելուն՝ հանդես գալով նաև նախաձեռնողական լուծումներով: Մասնավորապես՝ շինարարական մի շարք կազմակերպություններ հատուկ պատվերներ են ստացել ամրաշինական աշխատանքներ կատարելու ուղղությամբ։ Մինչև սեպտեմբերի 27-ը հաջողվել է կառուցել կամ վերանորոգել մի շարք ճանապարհներ, ամրացնել դիրքեր: Հատկանշական է նախագահ Հարությունյանի նախաձեռնությունը մոդելային ամուր դիրքի կառուցման առումով, որի առաջին օրինակը հաջողվել է ընդհանուր առմամբ կառուցել Մարտունիում, որը պատերազմական գործողությունների ընթացքում աչքի է ընկել իր բարձր արդյունավետությամբ:

Հանրապետության նախագահն իր ենթակայության տակ գործող ուժային մարմինների տարբեր ստորաբաժանումների առջև պահանջ է դրել կատարելագործել մարտական հմտությունները՝ անձամբ հետևելով դրանց ընթացքին։ Հատուկ ուսումնական վարժանքներ են կազմակերպվել ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ծառայողների, ինչպես նաև զինծառայողների համար՝ սպառազինության որոշ տեսակների կիրառման հմտություն-ներ ձեռք բերելու նպատակով:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի առաջին իսկ օրը Նախագահի հրամանագրով հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ հաշվի առնելով, որ Հանրապետությունը 2005 թվականից ի վեր անորոշ ժամկետով գտնվում էր ռազմական դրության իրավական ռեժիմում: Պատերազմի ընթացքում Հանրապետության նախագահը նաև ձևավորել է պարետատուն՝ սահմանափակելով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքը և սահմանելով Հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ:

Պատերազմական գործողությունների ընթացքում Հանրապետության նախագահը և պետական մյուս մարմինները կատարել են իրավիճակին համապատասխան իրենց լիազորությունները՝ հատկապես թիկունքային աշխատանքներին առնչվող, որոնց մանրամասները ներկայացված են ոլորտային բաժիններում: Ինչ վերաբերում է թույլ տրված բացթողումներին ու սխալներին, դրանք ենթակա են առանձին քննության ու վերլուծության:

Հետպատերազմյան պայմաններում Արցախի քաղաքացիների պատշաճ անվտանգության ապահովումը բախվել է նոր մարտահրավերների: Պաշտպանության բանակի և այլ ուժային մարմինների կողմից, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու երաշխիքներով, մեծածավալ աշխատանքներ են կատարվել նշված մարտահրավերների չեզոքացման ուղղությամբ: Մեկնարկել են աշխատանքներ Հանրապետության անվտանգության համակարգի բարեփոխման ուղղությամբ, ինչի շրջանակներում արդեն ձևավորվել են որոշակի նոր օրենսդրական ու գործնական հիմքեր՝ ապահովելու համար զինված ուժերի անհրաժեշտ համալրումն ու արդյունավետությունը:

Հանրապետության նախագահի 2020 թվականի գործունեության արդյունքները և 2021 թվականի ծրագրերը ներկայացված են ոլորտային բաժիններում, որտեղ ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիան ու ՔՈՎԻԴ-19 համավարակը համարվում են որպես իրավիճակի ու արդյունքների վրա ազդող գլխավոր գործոններ:

  • Կիսվել: